Թրամփը չհասավ նպատակին․ Իրանն արդեն 17 օր դիմադրում է անհավասար մարտում. Հոսեյնի
16 Մարտի 2026, 20:00
Արդեն 17 օր է, ինչ շարունակվում է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը։ Այս ընթացքում կողմերը գործի են դրել իրենց զինատեսակներն ու սպառազինությունը՝ փորձելով առաջխաղացում ապահովել տարբեր ուղղություններով։ AlphaNews-ի հետ զրույցում ասել է իրանցի քաղաքական մեկնաբան Պույա Հոսեյնին։
Նրա խոսքով՝ ուժային անհավասարությունն ակնհայտ է, սակայն դա դեռ չի նշանակում, որ պատերազմում արդյունքը կանխորոշված է։
«Միացյալ Նահանգներն ու Իսրայելն ունեն աշխարհի ամենահզոր բանակներից մեկը՝ զինված ժամանակակից տեխնոլոգիաներով ու զինատեսակներով։ Պատերազմը ցույց է տալիս, որ անգամ ուժային ոչ հավասար պայմաններում էլ երկրները կարող են պատերազմել և դիմադրել։ Ամեն ինչ, ի վերջո, կախված է նրանից, թե որ կողմը որքան դիմացկունություն կցուցաբերի»,- ասել է նա։
Պույա Հոսեյնին նշել է, որ պատերազմի առաջին օրերին Իրանը ծանր հարվածներ է ստացել․ թիրախավորվել են բարձրաստիճան ռազմաքաղաքական պաշտոնյաներ։ «Իրանը շարունակեց դիմադրել, համակարգը չփլուզվեց և կարողացավ պատասխան հարվածներ հասցնել հակառակորդին»,- ընդգծել է Հոսեյնին։
Նրա խոսքով՝ Իրանը պայքարում է ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական ճակատում։ Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Թեհրանը փորձում է տնտեսական ճնշում գործադրել Արևմուտքի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների վրա։
«Սկզբում Թրամփը հայտարարում էր, որ նպատակն իշխանափոխությունն է Իրանում, բայց այժմ հաղթանակ կհամարի նույնիսկ այն, եթե կարողանա բացել Հորմուզի նեղուցը։ Սա ցույց է տալիս, որ նպատակների մակարդակը բավականին նվազել է»,- նշել է նա։
Հոսեյնիի գնահատմամբ՝ եթե պատերազմը շարունակվի, ժամանակի ընթացքում Իրանը կարող է հայտնվել ավելի բարենպաստ դիրքում։