Փաշինյանն ուզում է, որ Արցախի պատմությունն ավարտվի. Բոգդան Բեզպալկո
16 Մարտի 2026, 22:30
Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Արցախից տեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի կողմից արցախցի փախստականներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելու որոշումը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել է Եվրոպայում, խոսում է այն մասին, որ նա ձգտում է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ և պատրաստ է աչք փակել այն ամենի վրա, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղի հետ։ Այսինքն՝ նրա տեսանկյունից սա մի տեսակ վերջակետ է։ Այն մարդիկ, որոնք ունեն քաղաքացիություն, ստանում են Հայաստանի քաղաքացիություն, գուցե փոխում են անձնագրերը կամ այլ բան, նրանք պետք է ինտեգրվեն Հայաստանում, և դրանով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ողջ պատմությունը պետք է ավարտվի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ցանկանում տեսնել որևէ հակասություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ, համապատասխանաբար, նա այդ մասին հայտնում է, այդ թվում՝ նման տարօրինակ ձևով։
Ըստ էության, եթե սա քաղաքական լեզվից թարգմանենք պարզ մարդկային լեզվով՝ «Մենք նրանց, ովքեր ստիպված են եղել մեզ մոտ ապաստան գտնել, ինտեգրում ենք մեր երկրում, և նրանք կստանան Հայաստանի քաղաքացիություն, իրավունքներ ու պարտականություններ։ Եւ դրանով այս ամբողջ պատմությունը մենք համարում ենք ավարտված»»,-ասել է փորձագետը:
Նա նաև վերլուծել է ՀՀ իշխանությունների հրաժարումը ռուսական հումանիտար օգնությունից:
«Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի նախկին բնակիչների համար նախատեսված հումանիտար օգնությունից հրաժարվելը վկայում է այն մասին, որ մի կողմից Փաշինյանը վախենում է՝ դա կարող է օգտագործվել նախընտրական պայքարում և կարող է աշխատել իր դեմ։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր լքել են Արցախը, կքվեարկեն իր դեմ, որովհետև նրանք օգնություն են ստացել Ռուսաստանից, իսկ Փաշինյանը, ընդհակառակը, ասոցացվում է հակառուսական դիրքորոշման կամ, առնվազն, Ռուսաստանից հեռանալու դիրքորոշման հետ։
Երկրորդը՝ թեկուզ փոքր քայլերով, սա Արևմուտքին հերթական անգամ իր հավատարմությունը ցույց տալու, այսպես ասած՝ դեպի Արևմուտք շարժվելու ու ձգտելու դրսևորումն է»,-եզրափակել է մեր զրուցակիցը: