Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է փակուղային. Վասիլի Կուզնեցով

18 Մարտի 2026, 23:00

Քաղաքականություն

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Վասիլի Կուզնեցովը Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի «Հակամարտությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում. էսկալացիայի գործոններ և տրանսֆորմացիայի հետագծեր» համաժողովի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Քաղաքագետի կարծիքով՝ ներկայիս դինամիկայի պայմաններում հակամարտությունը կարող է տևել ևս առնվազն մի քանի շաբաթ։

«Իրավիճակը շատ վատ է։ Հակամարտությունը շարունակվում է արդեն երկու շաբաթ և, ըստ ամենայնի, կշարունակվի նաև հետագայում։ Մի կողմից՝ արագ դեէսկալացիայի հեռանկարներ չկան, բացառությամբ այն հնարավորության, որ Դոնալդ Թրամփը հանկարծ հայտարարի, թե ինքը հաղթել է, և ամեն ինչ ավարտվի։ Դա երբեք չի կարելի բացառել։ Բայց ներկայիս դինամիկայի դեպքում հակամարտությունը կարող է տևել առնվազն մի քանի շաբաթ։ Դրանից հետո խոսքը պետք է գնա կա՛մ ավարտի, կա՛մ այլ ձևաչափերի անցնելու մասին, այդ թվում՝ ցամաքային ներկայությամբ։ Ցամաքային ներկայությունը կարող է դառնալ լուրջ ներքաղաքական հարված Թրամփի համար ԱՄՆ-ում»,-ասել է Կուզնեցովը։

Փորձագետի խոսքով՝ այսօրվա դրությամբ Իրանը չի պատրաստվում հանձնվել, սակայն նրա հնարավորությունների զինանոցը սահմանափակ է։

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա ակնհայտ է, որ նա այսօրվա դրությամբ հանձնվելու մտադրություն չունի։ Այնուամենայնիվ, Իրանի հնարավորությունների շարքը, հնարավորությունների զինանոցը նույնպես բավականին սահմանափակ է․ դրանք հարվածներն են տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին, հարվածները տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցներին և Հորմուզի նեղուցը փակելու սպառնալիքը։ Մինչ այժմ, ըստ էության, ամբողջը սա է։ Այո՛, դա շատ լուրջ տնտեսական հետևանքներ է ենթադրում աշխարհի համար, լուրջ աշխարհատնտեսական հետևանքներ համաշխարհային նավթի և լոգիստիկայի համար։ Բայց ԱՄՆ-ի և Իսրայելի վնասն այս պահին շատ սահմանափակ է։ Հետևաբար, իրավիճակը շատ առումներով փակուղային է։ Այն ակնհայտորեն ձգձգվելու է՝ առավելագույն բացասական հետևանքներով այս իրադարձությունների բոլոր մասնակիցների համար»,- եզրափակել է Կուզնեցովը։