Փաշինյանի արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է և անհիմն․ Զախարովա
29 Հոկտեմբերի 2026, 10:30
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զեկույցին «ագրեսիվ և անհիմն» է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման հռետորաբանությունը հասարակության ուշադրությունը շեղում է ներքին խնդիրներից և պատասխանատվությունը բարդում արտաքին ուժերի վրա։ Դիվանագետը նաև հայտարարել է, որ քննադատությունն անտեսում է Եվրամիության հետ մերձեցման ուղեգծի տնտեսական հետևանքները և այն հնարավոր վնասը, որը կարող է հասցվել Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ավանդական կապերին։
«Ընդհանրապես, այս ամբողջ ագրեսիվ, հուզական, իրականությանը չհամապատասխանող հռետորաբանությունը կրկին հարվածում է ոչ թե մեզ։ Այն մոլորության մեջ է գցում հայ հասարակությանը, Հայաստանի բնակչությանը։ Նման հռետորաբանությունը կառուցված է տնտեսական իրողությունների անտեսման, ավելին՝ Եվրամիությանն անդամակցելու ուղեգծի գնահատականների անտեսման վրա, ինչը տեղի է ունենում ռուս-հայկական ավանդական կապերի հաշվին»,- Զախարովայի խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։