Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը շանտաժ է հասարակության նկատմամբ․ Հակոբ Բադալյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն՝ նկարագրելով այն հնարավոր հետևանքները, որոնք, ըստ նրա, կլինեն իր իշխանության չգալու դեպքում։ Փաշինյանի խոսքով՝ հաստատված խաղաղությունը մի կողմ դնելը նշանակում է բացել պատերազմի դաշտը։

Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքակական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը շանտաժ է հասարակության նկատմամբ։ Երբ մարդն ասում է՝ կա՛մ կլինեմ ես իշխանության, կա՛մ կլինի պատերազմ, դա դժվար է որակել այլ կերպ, քան շանտաժ։ Մենք տեսնում ենք, որ եթե որոշ ժամանակահատված առաջ Հայաստանի հետ ուղիղ շանտաժով խոսում էր Ադրբեջանը, հիմա կարծես այդ գործառույթը տրված է Հայաստանի իշխանությանը, և վերջինս է շանտաժի ենթարկում իր հասարակությանը»,- նշել է Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ խաղաղությունը պայմանավորված է ուժով, և եթե դու ուժեղ չես, չես կարող ունենալ երաշխավորված խաղաղություն։

«Դժբախտաբար, մենք ունենք նման խաղաղություն։ Եվ երբ ուշադիր հետևում ենք պրոցեսին, տեսնում ենք, որ այդ խաղաղությունը ձևավորվեց միջազգային կոնյունկտուրայի փոփոխության արդյունքում։ Ոչ թե ինչ-որ բան փոխվեց հայ-ադրբեջանական գործընթացում, այլ փոխվեց միջավայրը, որտեղ ՌԴ-ն և ԱՄՆ-ը դիմակայության տրամաբանությունից անցան երկխոսության և գործարքի տրամաբանության։ Այդ ժամանակ իրավիճակն ընդհանուր առմամբ հայտնվեց խաղաղության ռեժիմում, իսկ մենք հայտնվեցինք առկա մակրոմիջավայրի ազդեցության ներքո»,- եզրափակել է Բադալյանը։