Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ Կարապետյան
25 Մարտի 2026, 16:30
Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Այս մասին Ջերմուկում «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մենք գտնվում ենք մի վայրում՝ Ջերմուկում, որից 5 կմ հեռավորության վրա՝ Հայաստանի սուվերեն տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր: Հայաստանի անվտանգության երաշխավորումը կարևոր նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության ու խաղաղության համար․ Ջերմուկը դրա վառ օրինակն է:
Աշխարհում միջազգային անվտանգության համակարգը ներկայումս ենթարկվում է խորը վերափոխումների։ Երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորված աշխարհն այլևս գոյություն չունի, իսկ նոր համակարգերը դեռևս չեն ձևավորվել։ Այն ինստիտուտները, որոնք կոչված էին ապահովել արդարություն ազգերի ու պետությունների փոխհարաբերություններում՝ այսօր կաղում են և կորցրել են իրենց հեղինակությունը: Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՛ պաշտպանական պոտենցիալ, և՛ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ:
Մոտակա 10 տարին է որոշելու, թե որ երկիրը ու որ ազգը տեղ կունենա արևի տակ: Վստահ ենք, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Անվտանգությունը մեր ազգի համար մշտապես եղել է առաջնահերթություն, իսկ այսօր այն խարխլված է: Մեր անվտանգային ծրագիրը ներառում է 6 կետ։ Առաջինը՝ ուժեղ դիվանագիտությունն է, որը կբերի Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն, երկրորդը՝ բանակի վերափոխումն է, երրորդը՝ պաշտպանված երկինք ունենալը, իսկ չորրորդը՝ խելացի սահմանները»,- ասել է Նարեկ Կարապետյանը: