ԿԳՄՍ նախարարության «օպտիմալացման» քաղաքականությունը՝ ազգային անվտանգության սպառնալիք․ Ցոլակ Ակոպյան
25 Մարտի 2026, 19:30
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած դպրոցների օպտիմալացման գործընթացում առկա են թաքնված ռիսկեր և մտահոգիչ զարգացումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
Նրա խոսքով՝ «օպտիմալացում» անվան տակ իրականացվող փոփոխությունները կարող են իրականում ունենալ այլ նպատակներ, որոնք հանրությանը բացահայտ չեն ներկայացվում։
«Մենք տեսնում ենք, որ օպտիմալացման ենթակա դպրոցների մեծ մասը գտնվում են սահմանամերձ գյուղերում։ Սա նշանակում է, որ այդ համայնքները կանգնած են դատարկվելու վտանգի առաջ, ինչը կարող է դառնալ ուղիղ հարված ազգային անվտանգությանը»,- նշել է քաղաքական գիտությունների թեկնածուն։
Նրա գնահատմամբ՝ նման քաղաքականության հետևում կարող են լինել նաև որոշակի քողարկված նպատակներ։
«Ես այստեղ տեսնում եմ որոշակի միտում, որոնք կարող են վկայել հնարավոր պայմանավորվածությունների մասին։ Չի բացառվում, որ ապագայում դիտարկվի այլ բնակչության վերաբնակեցման հարցը Հայաստանում»,- հավելել է Ցոլակ Ակոպյանը։
Խոսելով գործընթացի տնտեսական հիմնավորման մասին՝ նա կասկածի տակ է դրել դրա արդյունավետությունը։
«Մի քանի գյուղի դպրոցների կենտրոնացումը մեկ վայրում պահանջում են հավելյալ ծախսեր՝ տրանսպորտի կազմակերպում, ենթակառուցվածքների զարգացում և այլ միջոցառումներ, ինչի հետևանքով բյուջետային խնայողության մասին խոսելը դժվար է»,- նշել է նա։