Կայա Կալասը խաղում է մի խաղ, որը դուրս է նրա լիազորություններից ու հնարավորություններից. Ստանիսլավ Միտրախովիչ

Քաղաքագետ և տնտեսագետ Ստանիսլավ Միտրախովիչը մեկնաբանել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, թե ԵՄ-ն ցանկանում է «հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ» ուղարկել Հայաստան ՝ երկրում ժողովրդավարությունը արտաքին ազդեցությունից պաշտպանելու համար:

«Հետաքրքիր է, որ երբ Եվրոպական միությունը կարծում է, թե որևէ երկրում իշխանության կարող են գալ ԵՄ-ի նկատմամբ թերահավատորեն տրամադրված ուժեր, ապա, պարզվում է, արտաքին միջամտությունը հնարավոր է։ Իսկ երբ ԵՄ-ն համարում է, որ իշխանության կգան այլ քաղաքական կողմնորոշում ունեցող ուժեր, նման միջամտությունն անթույլատրելի է։ Հետաքրքիր երկակի ստանդարտներ են։

Այստեղ նշանակություն ունի նաև այն, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն կողմնորոշվում է դեպի Եվրոպական միություն, այլև շարունակում է ունենալ որոշակի կապեր Ռուսաստանի հետ։ Բացի այդ, ամերիկյան վարչակազմը նույնպես ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտությանը և այսպես կոչված «Թրամփի միջանցքին» վերաբերող գործարքում։ Հետևաբար, ԵՄ-ի բավականին լկտի ցանկությունը՝ վերահսկելու ընտրությունները Հայաստանում, կարող է առաջացնել ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դժգոհությունը։ Ինձ թվում է՝ սա հենց այն դեպքն է, երբ Կայա Կալասը հերթական անգամ փորձում է խաղալ մի խաղ, որը դուրս է նրա լիազորությունների և հնարավորությունների սահմաններից»,- կարծում է փորձագետը։

Անդրադառնալով Կայա Կալասի խոսքերից հետո տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին՝ Միտրախովիչը նշել է, որ պաշտոնական Երևանը չի կարող հաշվի չնստել Ռուսաստանի կարծիքի հետ՝ փոխգործակցության տարբեր ասպեկտներում։

«Պուտինի և Փաշինյանի զրույցի վերաբերյալ այստեղ Հայաստանի համար զսպող գործոն կա՝ կապված ԵՄ-ի նկատմամբ նրա կողմնորոշման հետ։ Կա աշխարհագրության գործոնը, կա առևտրի ձևավորված համակարգը, Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին, կա ՀԱՊԿ-ը. այդ ամենը միանգամից հնարավոր չէ հեռացնել։ Կան միգրացիոն բնույթի կապեր, անձնական ու ընտանեկան կապեր, ուստի ազգային քաղաքականությունը ենթադրում է, որ պետք է լինի շահերի որոշակի հավասարակշռում։ Հետևաբար, եվրաատլանտյան նպատակներին ուղղված ողջ ձգտումով հանդերձ, Փաշինյանը ստիպված է լինելու հաշվի նստել վերը նշված գործոնների հետ, այդ թվում՝ հաշվի կառնի Պուտինի կարծիքն այս բոլոր հարցերի վերաբերյալ՝ որպես հավասարակշռող միջոց»,-եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։