Փաշինյանն արտաքին լարվածությունը վերածում է ներքաղաքական միավորների. Լեոնիդ Ցուկանով
26 Մարտի 2026, 21:30
Քաղաքագետ և արևելագետ Լեոնիդ Ցուկանովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե եթե ինքը չվերընտրվի, ապա պատերազմ կլինի։
«Թեզը բավականին վիճելի է, որովհետև, մի կողմից, Փաշինյանը՝ որպես կերպար, հակասական է թե՛ արտաքին դիտորդների, թե՛ հենց հայ հասարակության տեսանկյունից։ Սակայն, մյուս կողմից, եթե նայենք հենց նրա ներքաղաքական դիրքորոշմանը, ապա նա, ամենայն հավանականությամբ, հղում է անում այն փաստին, որ տարածաշրջանում՝ Հայաստանի սահմանների մոտ, բավականին լուրջ լարվածություն կա։ Իսկ հեռավոր սահմաններում դա առնչվում է նաև իրանական հակամարտությանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Կովկասի իրավիճակին։ Հետևաբար, նա փորձում է արտաքին լարվածությունը վերածել ներքաղաքական միավորների»,- նշել է փորձագետը։
Քաղաքագետի կարծիքով՝ դեպի Արևմուտք իր շարժման մեջ Հայաստանը պետք է հաշվի առնի ներտարածաշրջանային գործընթացները, որոնք թելադրում են մոտեցումների բազմուղղվածություն։
«Եվրոպական ձգտումները, իհարկե, բավականին վիճելի պատմություն են, որովհետև, մի կողմից, մենք տեսնում ենք իրավիճակ, երբ ընտրազանգվածի շրջանում առաջանում է պահանջ՝ շարժվելու դեպի եվրոպական ընտանիք, դեպի Եվրոպայի հետ ինտեգրում։ Սակայն, մյուս կողմից, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային իրավիճակները թելադրում են իրենց պայմանները, իր հունը, և այդ հունն ավելի շատ մղում է դեպի բազմավեկտորություն։ Խոսքը հենց ոչ թե դեպի Եվրոպա ու պաշտոնական Բրյուսելի հետ փոխգործակցության կույր ձգտման մասին է, այլ հենց բազմակողմանի կապերի ստեղծման՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի և թե՛ տարածաշրջանի երկրների հետ»,- եզրափակել է Ցուկանովը։