Դոնալդ Թրամփի գործողություններում կա հետևողականություն՝ ուղղված Եվրոպայի և Չինաստանի թուլացմանը․ Սերգեյ Բալմասով
30 Մարտի 2026, 23:45
Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Բալմասովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Մերձավոր Արևելքում հակամարտությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին վերջին հայտարարությունը։
«Իմ կարծիքով՝ այստեղ հարցը նույնիսկ փողի մեջ չէ։ ԵՄ-ն մինչ այժմ բավականին լուրջ ռեսուրսներ ունի, և խնդիրը հենց ֆինանսական չէ։ Երբ ստեղծվեց Ուկրաինայի շուրջ իրավիճակը, նրանք սկսեցին հրաժարվել էժան ռուսական գազից, ինչպես իրենք են հայտարարում։ Թեև նույն ֆոն դեր Լայենը բացահայտ ասել է, որ դա դժվար և ցավոտ որոշում է։ Իրավիճակն այն է, թե ինչու են նրանք անհանգստացած։ Անանգստացած են, քանի որ իրանական հարվածները դիպել են Կատարի հեղուկացված գազի օբյեկտներին։ Խնդիրն այն է, որ հենց 2026 թվականի համար նախատեսված էր Կատարի գազի արտադրության զգալի աճ, իսկ այժմ առաջացել են լուրջ խնդիրներ։ Ինչպես ասում են՝ գոնե պետք է պահպանել արտադրությունը 2024-2025 թվականների մակարդակում։ Թեև արդեն պարզ է, որ, ամենայն հավանականությամբ, դա չի հաջողվի։
ԵՄ-ում կար ռուսական գազը փոխարինելու ամբողջական ծրագիր՝ Ալժիրի, Նիգերիայի գազով, Կատարի հեղուկացված գազով և ամերիկյան գազով։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի անհանգստությունը հասկանալի է։ Ի վերջո, Թրամփի գործողությունները կարող են բերել նրան, որ գազի աղբյուրների դիվերսիֆիկացման և ռուսական գազից ազատվելու ցանկությունը կվերածվի շատ ավելի թանկ ամերիկյան գազից կախվածության աճի։ Կարծում եմ՝ սա հիմնական պատճառներից մեկն է, իսկ ֆինանսական կողմը երկրորդական է»,- նշել է Բալմասովը։
Փորձագետի կարծիքով՝ Թրամփի գործողությունները Մերձավոր Արևելքում առաջին հայացքից կարող են թվալ անկանխատեսելի, սակայն իրականում դրանք հստակ հաշվարկի արդյունք են։
«Թրամփը փորձում է միանգամից մի քանի նպատակ իրականացնել։ Իհարկե, Իսրայելին աջակցելը հասկանալի է՝ այնտեղ ԱՄՆ-ի ռազմավարական շահերն են, և դա տարածաշրջանում նրա հիմնական դաշնակիցն է։ Սակայն այստեղ հարված է հասցվում նաև Չինաստանին՝ որպես Պարսից ծոցի երկրներից էներգակիրների խոշոր սպառողի։ Նույնը վերաբերում է Եվրոպային։ Թեև նավթի մասով նրանց կախվածությունը մեծ չէ, սակայն գազի մատակարարումներում Կատարի, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի դերը բավականին մեծ է։
Այսպիսով, հարված է հասցվում բոլոր այն ուժերին, որոնք տնտեսական և քաղաքական լուրջ մրցակից են ԱՄՆ-ի համար։ Այսօր շատերը ծաղրում են Թրամփին՝ ասելով, թե նա գործում է անկանխատեսելիորեն։ Բայց իրականում այստեղ կա հստակ հետևողականություն՝ առաջին հերթին ԱՄՆ-ի մրցակիցների՝ Եվրոպայի և Չինաստանի թուլացման ուղղությամբ»,- եզրափակել է փորձագետը