Քրեական նոր հոդվածով փորձում են քաղաքականացնել եկեղեցում տեղի ունեցածը. Մելիքյան
30 Մարտի 2026, 23:15
Քրեական օրենսգրքի նոր հոդվածի կիրառումը, ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, ունի քաղաքական ենթատեքստ և առաջացնում է լուրջ հարցեր իրավական համակարգի գործողությունների վերաբերյալ։
Alpha News-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասել է՝ խոսքն այն հոդվածի մասին է, որը վերաբերում է պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելուն, իսկ դրա կիրառումն արդեն իսկ ենթադրում է որոշակի գնահատական։
«Այս հոդվածի կիրառումը նշանակում է, որ իրավապահ համակարգը փաստացի ընդունում է՝ տվյալ պահին իրականացվել է քաղաքական գործունեություն»,- նշել է նա։
Իրավապաշտպանն ընդգծել է, որ եթե խոսքը վերաբերում է եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, ապա այն պետք է դիտարկել ոչ թե որպես քաղաքական գործունեության միջամտություն, այլ՝ որպես կրոնական արարողությանը խանգարում։
«Պատարագի ժամանակ, լեփ-լեցուն եկեղեցում դեպի ատյան առաջանալով և խանգարելով ընթացքը, տեղի ունեցածն առաջին հերթին միջամտություն է կրոնական արարողությանը»,- ասել է Ռուբեն Մելիքյանը։
Նա նաև նշել է, որ նման իրավիճակում պատասխանատվության հարցը պետք է դիտարկվի ավելի լայն շրջանակում։ «Այս դեպքում պետք է գնահատական տրվի նաև այն անձանց գործողություններին, որոնք մասնակցել են այդ գործընթացին»,- ընդգծել է նա։