18-ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին

01 Ապրիլի 2026, 21:18

Քաղաքականություն

Երեկ գործընկերներիս հետ մասնակցում էինք կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որը վերաբերում էր 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորելու հարցին։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ուզում եմ ասել, որ ոչ ոք չի արդարացնում բռնությունը, ոչ ոք չի արդարացնում ֆիզիկական ներգործությունը, բայց խնդրում եմ եկեք ավելի հստակ մեկ անգամ նայենք այդ տեսանյութը և նկատենք, թե ինչ է տեղի ունենում մինչեւ այդ։ Տեսանյութից  պարզ է դառնում, որ ֆիզիկական ներգործության վիճակը մեկնարկել է ՊՊԾ աշխատակցի նախաձեռնությամբ։ Այսինքն սկզբում 18 տարեկան, առողջական խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանի կողմից չի իրականացվում։

Այսօր մենք վերաքննիչ բողոքը մուտք ենք անելու, նաև հրատապ դիմում ենք ներկայացնելու Գլխավոր դատախազին։ Ազատությու՛ն, բոլոր ապօրինի կալանավորվածներին»,- նշել է նա։