ՀՀ-ն ՌԴ-ի հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու ճանապարհով չի ուզում գնալ․ Փաշինյան
02 Ապրիլի 2026, 13:40
Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու լծակն ունի, բայց Երևանը չի պլանավորում և չի ուզում գնալ այդ ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են, համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չի տեսնում։
«Մեր դիրքորոշումները, տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների տեսակետները, և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ` ՀՀ–ն այս պայմաններում կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել ՌԴ շահերին»,– ընդգծել է Փաշինյանը։