Իսրայելի դիրքորոշումը՝ «Վերջ տալ Իրանին»․ Յակով Կեդմին

Իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։

Փորձագետի կարծիքով՝ եթե Դոնալդ Թրամփը հետևի իր հայտարարած մարտավարությանը, ապա Իրանին որպես պետություն նախանձելու պատճառ չի լինի։

«Ինչ վերաբերում է Իրանի ներկայացրած պահանջներին, դրանք մոտավորապես նույն մակարդակի են, ինչ Վլադիմիր Զելենսկու պահանջները ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում․ նույն իմաստն ունեն, նույն անհեթեթությունն ու նույն ֆանտազիաները։ Իրանի ոչ մի պահանջ իրագործելի չէ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը վերահսկելու պահանջը․ ո՞վ թույլ կտա դա՝ հակառակ բոլոր միջազգային կանոններին ու օրենքներին»,- նշել է Կեդմին։

Խոսելով Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ Իսրայելի դիրքորոշման մասին՝ փորձագետը նշել է, որ նրա դիրքորոշումն է՝ «վերջ տալ Իրանին»։

«Մեր դիրքորոշումը չի տարբերվում Սաուդյան Արաբիայի կամ Պարսից ծոցի երկրների դիրքորոշումից։ Մուհամմադ իբն Սալմանը և վերոնշյալ երկրների ղեկավարները դիմել են Թրամփին մեկ պահանջով՝ վերջնականապես չեզոքացնել Իրանին։ Իրանը պետք է զրկվի միջուկային զենք ստեղծելու կամ մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորությունից, որոնք սպառնում են Իսրայելին։

Իսրայելի խոցելիությունը շատ բարձր է՝ փոքր տարածքի պատճառով։ Չնայած նրան, որ մենք ունենք աշխարհի լավագույն հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերից մեկը, հարյուրավոր կամ հազարավոր հրթիռների միաժամանակյա հարձակման դեպքում ոչ մի երկիր չի կարող լիովին պաշտպանվել»,- ընդգծել է Կեդմին։