Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել. Իսրայելը կարող է դժգոհ լինել հնարավոր զինադադարից․ Բագրատունի

08 Ապրիլի 2026, 18:20

Քաղաքականություն

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին կարծում է, որ հնարավոր զինադադարի պայմաններում ամենամեծ դժգոհությունը կհնչի Իսրայելի կողմից։ Alpha News-ի հետ զրույցում նա նշել է, որ թեև Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմավարական մոտեցումները խորքային առումով համընկնում են, սակայն գործնական և ժամանակային հարթություններում դրանք տարբեր են։

«Նեթանյահուի համար հստակ է, որ ինքը ցանկանում է ամբողջական ապահովության գոտի ստեղծել Լիբանանի հարավում և հարվածել դիմադրության բոլոր կենտրոններին՝ նրանց ենթարկելով ընդհանուր զինաթափման»,- նշել է Բագրատունին։

Պատգամավորի խոսքով՝ նման պայմաններում հնարավոր համաձայնությունը կամ զինադադարը կարող է խոչընդոտել Իսրայելի այս ծրագրերին։ Ըստ նրա՝ արդեն իսկ զինադադարի հայտարարությունից հետո նկատվում են սպառնալիքներ տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններում, ինչը վկայում է, որ լարվածությունը շարունակում է պահպանվել։

«Իսրայելի համար այս փուլում զինադադարը շահավետ չէ․ նա կարող էր շահագրգռված լինել ռազմական գործողությունների շարունակմամբ»,- ընդգծել է Բագրատունին:

Անդրադառնալով նախորդ փորձին՝ նա հիշեցրել է, որ նույնիսկ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների դեպքում Իսրայելը շարունակել է խախտել դրանք և հարվածներ հասցնել տարբեր շրջանների: