ՌԴ ԱԳՆ-ն հետևում է Հայաստանի Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին․ Մարիա Զախարովա

08 Ապրիլի 2026, 18:48

Քաղաքականություն

Հայաստանում գործում են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք կենտրոնացած են Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության ուղղությամբ, ինչը պատմական ավանդույթի մաս է կազմում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Երևանի միջև գոյություն ունեն առանձնահատուկ հարաբերություններ, սակայն Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ հանրապետությունում ընթացող գործընթացների նկատմամբ, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումից։ Նրա խոսքով՝ նոր փոփոխությունները կարող են նախատեսել լուրջ սահմանափակումներ ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների վերաբերյալ։ Կարևոր է, որ այդ միջոցները չդառնան գործիք՝ նպատակաուղղված ընդդիմության ընտրական հնարավորությունների սահմանափակման համար։

Զախարովան հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այդ հանգամանքը պետք է արտացոլվի ընտրական գործընթացներում։