Ռուսաստանի հետ կապերի խզումը Հայաստանին կհասցնի տնտեսական փլուզման․ Իգոր Սեմենովսկի
11 Ապրիլի 2026, 00:00
Քաղաքագետ, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։
«Ռուսական ասացվածք կա՝ «ռուսները երկար են պատրաստվում»։ Քաղաքականության մեջ սա դրսևորվում է որպես որոշակի դանդաղկոտություն՝ արձագանքելու գրգռիչ գործոններին։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանը հույսը դնում է բարեհաճ վերաբերմունքի կամ այն բանի վրա, որ ամեն ինչ «պատահաբար» է կատարվում։ Սակայն աստիճանաբար ձևավորվում է ավելի լուրջ և պրագմատիկ մոտեցում։
Դրա վառ օրինակ է երկու ամիս առաջ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա, երբ նա ստիպված էր արդարանալ Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքական քայլերի համար։ Չնայած Ռուսաստանի հասցեին հնչող բարեկամական խոսքերին, այդ քայլերը հաճախ ընկալվում էին որպես ոչ բարեկամական։ Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, առևտրին, տրանսպորտային լոգիստիկային, էներգետիկային և անգամ ռազմաքաղաքական փոխգործակցությանը։ Սա հարաբերությունների մի ամբողջ համալիր է, որտեղ ցուցանիշները սկսել են նվազել։ Արդյունքում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրը կրճատվել է գրեթե երկու անգամ։ Նման փաստերը արդեն հնարավոր չէ անտեսել․ դրանք անհրաժեշտ է քննարկել ամենաբարձր մակարդակով»,- նշել է քաղաքագետը։
Նա վերլուծել է Հայաստանի տնտեսական ուղղության փոփոխությունը և այն համեմատել Մոլդովայի փորձի հետ՝ ԵԱՏՄ-ի ինտեգրումից դեպի եվրաատլանտյան ուղղություն։
«Ցավոք, այսօր Մոլդովան Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է։ Այն մեր բարեկամ երկիրն էր, և ցավալի է դա ընդունել։ Եթե դիտարկենք դրա զարգացման դինամիկան, օրինակ՝ Իգոր Դոդոնի ղեկավարության շրջանում, երբ Մոլդովան ակտիվորեն ներգրավված էր ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներում, նույնիսկ քննարկվում էր ազատ առևտրի գոտու վերականգնման հնարավորությունը, իրավիճակն ամբողջովին այլ էր։ Իսկ այսօր տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, օգտվելով ռուսական տնտեսական միությունում մասնակցության բոլոր առավելություններից, փորձում է ուղղություն փոխել դեպի եվրաատլանտյան ինտեգրում։ Խոսքը արտաքին տնտեսական և ռազմաքաղաքական համագործակցության վերակողմնորոշման մասին է։
Շատ փորձագետներ նշում են, որ Բրյուսելը ԵՄ անդամակցության թեկնածուներից առաջին հերթին պահանջում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառում, ավիահաղորդակցության դադարեցում և ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքի փակում։ Ռուսաստանի համար սա նշանակում է բեռնափոխադրումների խնդիրներ Վերին Լարսով և Հայաստանի սահմանով բեռների տեղափոխման հետ կապված խնդիրներ, բեռնատարների վերաբեռնման անհրաժեշտություն, ինչպես նաև իրավական ճանաչման հետ կապված հարցեր։ Հաջորդիվ խոսքը վերաբերում է մինչև 2027 թվականը ռուսական նավթագազային պաշարներից, միջուկային էներգիայից և լոգիստիկայից հրաժարվելու մասին։ Եվ սա ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը «մեծ և կարևոր» է, այլ որովհետև դա դարերի ընթացքում ձևավորված օբյեկտիվ համագործակցություն է»,- ասել է Սեմենովսկին։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի գործող վարչապետի հիմնական խոստումներից մեկը եղել է պայքարը Լեռնային Ղարաբաղի համար։
«Սերբիայի քաղաքականության ուղղություններից մեկը Եվրամիությանը միանալու ճանապարհին Կոսովոյի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելն է։ Փաստացի դա նշանակում է հրաժարում սեփական տարածքից, ինչն ուղիղ ամրագրված է երկրի ռազմավարական փաստաթղթերում։ Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող վարչապետի հիմնական խոստումներից մեկը եղել է պայքարը Լեռնային Ղարաբաղի համար։ Սա ամրագրված է ազգային անվտանգության ռազմավարությունում, որը ընդունվել է 2007 թվականին և վերահաստատվել 2020 թվականին։ Այսինքն՝ այստեղ կարելի է համեմատել ծրագրերն ու իրականությունը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր Հայաստանի ղեկավարությունը 2020, 2022 և 2024 թվականներին, և ի՞նչ ստացվեց իրականում։ Հենց այս «ծրագրերի և փաստերի» համադրությունն է, որ այսօր առաջացնում է լուրջ հարցեր»,- ընդգծել է փորձագետը։