Արման Սարոյանի նշանակումն արվել է առանց Եկեղեցու համաձայնության. այս քայլը հերթական ոտնձգությունն է. Մայր Աթոռ

13 Ապրիլի 2026, 15:44

Քաղաքականություն

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հայտարարությունում նաև ասվում է. «Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։

Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։

Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։

Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»։