ՌԴ-ում կխստացվեն միգրանտների ընտանիքների կեցության կանոնները
10 Նոյեմբերի 2026, 19:30
Ռուսաստանի ՆԳՆ-ն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով 2027 թվականից աշխատանքային միգրանտների համար լրացուցիչ հարկ է սահմանվելու երկիր տեղափոխված յուրաքանչյուր չաշխատող ընտանիքի անդամի համար։ Այս մասին Դաշնության խորհրդում հայտնել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է նվազեցնել սոցիալական համակարգի ծանրաբեռնվածությունը։
Փոփոխություններով նախատեսվում է ավելացնել արտոնագրով աշխատող միգրանտների եկամտահարկի ֆիքսված կանխավճարները։
Մասնավորապես, յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար վճարը կավելանա հիմնական կանխավճարի 50%-ի չափով։ Իսկ եթե երեխային պահում են ընտանիքի մի քանի աշխատող անդամներ, հավելավճարը կգանձվի նրանցից միայն մեկից։
Օրենքը նաև պարտավորեցնում է միգրանտին ապացուցել, որ իր պաշտոնական եկամուտը բավարար է ընտանիքի խնամքի տակ գտնվող բոլոր անդամներին պահելու համար՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի կենսապահովման նվազագույնը։
Արտոնագիր ստանալու կամ երկարաձգելու ժամանակ ՆԳՆ-ն և հարկային մարմինները տվյալները կստուգեն իրական ժամանակում։ Եկամուտների թերհայտարարագրման հայտնաբերման դեպքում արտոնագիրը կարող է չեղարկվել։
18 տարին լրանալուց հետո երեխան կորցնում է խնամքի տակ գտնվողի կարգավիճակը և պարտավոր է 30 օրվա ընթացքում լքել Ռուսաստանը կամ ինքնուրույն օրինականացնել իր բնակությունը։
Նախագծի համաձայն՝ ծնողի արտոնագրի վաղաժամկետ չեղարկման դեպքում ամբողջ ընտանիքը պարտավոր կլինի լքել Ռուսաստանը 15 օրվա ընթացքում։
Համապատասխան փոփոխությունները Ռուսաստանի Պետդուման ընդունել է 2026 թվականի ամռանը, սակայն նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականից։