Հորմուզի նեղուցը փակելով՝ Թրամփը խաղում է կրակի հետ և խորացնում համաշխարհային էներգետիկ ճգնաժամը․ Մալեկ Դուդակով
17 Ապրիլի 2026, 00:00
Քաղաքագետ-ամերիկագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցով նավարկությունը արգելափակելու որոշումը:
«Ինչպես տեսնում ենք, Դոնալդ Թրամփի վարչակազմը այս պահին փաստացի խոստովանում է իր անկարողությունը՝ ապաշրջափակելու Հորմուզի նեղուցը և վերականգնելու նավարկությունը համաշխարհային առևտրի գլխավոր ծովային ուղիներից մեկում։ Այդ պատճառով նրանք որոշել են «շախմատային քայլ» անել և արգելափակել նավարկությունը մյուս կողմից՝ ոչ թե իրանական կողմից, այլ Հնդկական օվկիանոսի ուղղությունից։ Այս որոշման հետևանքները լինելու են երկարաժամկետ, սակայն կարճաժամկետ կտրվածքով, կարծում եմ, Թրամփի վարչակազմը հույս ունի, որ այս քայլով կուժեղացնի իր բանակցային դիրքերը Իրանի հետ ներկայումս ոչ հրապարակային շփումների շրջանակում։ Այսինքն՝ նրանք կփորձեն ճնշում գործադրել Իրանի վրա, հարվածել իրանական նավթային արտահանմանը դեպի այլ երկրներ և այդ կերպ նրան մղել այնպիսի համաձայնության, որը ավելի շատ կհամապատասխանի ԱՄՆ-ի շահերին, քան Իրանի ներկայիս պահանջները», — ասել է Դուդակովը։
Փորձագետի կարծիքով՝ Թրամփի գործողությունները խորացնում են էներգետիկ ճգնաժամը ամբողջ աշխարհում, այդ թվում՝ հենց ԱՄՆ-ում։
«Թրամփը խաղում է կրակի հետ։ Մենք տեսնում ենք, որ վառելիքի գները այս տասնօրյա հրադադարի ընթացքում էականորեն չեն նվազել, Թրամփի վարկանիշը ընկնում է, ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Իրանի շուրջ նրա արկածախնդրությունից և կողմ է ռազմական գործողությունների դադարեցմանը ու իրական պայմաններով բանակցություններին։ Այսպիսով՝ հասարակական կարծիքը ակնհայտորեն Թրամփի կողմից չէ։ Որքան երկար շարունակվի այս էներգետիկ ճգնաժամը, այնքան ցածր կլինի նրա վարկանիշը, ինչը նրա համար լուրջ ռիսկեր է ստեղծում», — եզրափակել է Դուդակովը։