Փակելով Արցախի էջը՝ փակեցին նաև հայերի իրավունքների պաշտպանության էջը․ Բենիամին Մաթևոսյան
23 Ապրիլի 2026, 16:39
«Արցախը հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց Ադրբեջանին մոտենալ հայաստանցիների տներին»,- այս մասին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումները» թեմայով ասուլիս-քննարկման ընթացքում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Երկու օրացույցային օրվա վրա կցանկանայի ուշադրություն դարձնել, որոնք բացեցին դժոխքի դարպասները և ցեղասպանությունը դարձրին ոչ թե պատմական քննարկման թեմա, այլ մի իրականություն, որ 5-10 տարի հետո, մեղմ ասած, կարող է դառնալ Հայաստանի առօրյան։ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը 120․000 հազարից ավելի արցախցիների հետ միասին Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ ներկայացնելով դա որպես քայլ, որը կարծես Հայաստանին պետք է ապահովագրի նոր մեծ ողբերգություններից։
Դրանից հետո Ադրբեջանի նախագահի մակարդակով սկսեցին ֆինանսավորել այնպիսի նախագիծ, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջան»-ը։ Իսկ այս նախագիծը Հայաստանի Հանրապետության տարածքի հաշվին, հայերի փոխարեն ադրբեջանական պետություն ստեղծելու քաղաքական պրոյեկտ է։ Հանձնելով Արցախը՝ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց Ադրբեջանին մոտենալ հայաստանցիների տներին»,- նշել է Մաթևոսյանը։
Անդրադառնալով երկրորդ օրացույցային օրվան՝ քաղաքագետը ընդգծել է, որը խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի 2026 թ-ի մարտի 11-ի ելույթին ԵԽ-ում։
«Եվրոպական ամենաբարձր ամբիոնից նա հայտարարել է, որ մենք փակում ենք Արցախի էջը, փակում ենք հայերի իրավունքների պաշտպանության էջը։ Ի՞նչ եղավ դրանից հետո․ Ադրբեջանը նախագահի մակարդակով խոսեց այն մասին, որ արդեն գոյություն ունի նաև «Արևելյան Զանգեզուր», և դրանից հետո մենք ականատես եղանք, թե ինչպես է Ստեփանակերտում ոչնչացվում Մայր տաճարը։ Ստացվում է՝ քանի կար Արցախը, քանի դեռ մենք պաշտպանում էինք մեր պատմական իրավունքները, վտանգը չէր մոտեցել մեր տներին։ Իսկ այս ամենից հրաժարվելով՝ մենք թույլ տվեցինք Ադրբեջանին, Թուրքիային մեզ հետ անել այն, ինչ արեցին 20-րդ դարի սկզբին։ Եվ ամենակարևորը, եթե մենք հրաժարվում ենք մեզ հետ կատարվածն անվանել հանցագործություն, ապա հանցագործներին լեգիտիմ իրավունք ենք տալիս կրկնել այն, ինչ արել են»,- եզրափակել է Մաթևոսյանը։