«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ է բացել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում
27 Ապրիլի 2026, 18:40
Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են մարզկենտրոն Հրազդան, որտեղ Օգոստոսի 23 փողոց 62 հասցեում բացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մեկ մարզային գրասենյակ։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով գրասենյակի բացմանը եկած հազարավոր հրազդանցիներին՝ նշել է, որ լավ ծանոթ է քաղաքի առօրյային, քանզի վերջին երեք տարիների ընթացքում շաբաթական մեկ օր անցկացրել է Հրազդան քաղաքում՝ ընդգծելով, որ հենց Հրազդան քաղաքում է հասկացել՝ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում։
«Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք և ինչ ենք կորցրել վերջին տարիների անգործության պատճառով: Շատերդ գիտեք՝ վերջին 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենաորակյալ ցեմենտի գործարանով: Գործարանն աշխատո՞ւմ է: Իսկ պետությունն ինչ-որ բան արե՞լ է, որ աշխատի: Կարող է ճիշտ կլիներ երկու հատ «ռիլ» քիչ նկարեին, երկու հատ «կուկուռուզ» քիչ ուտեին, մի օր հատկացնեին հրազդանցիներին վերջիններիս աշխատանքով ապահովելով: Հեշտ է՝ բյուջե հարկեր են տալիս բիզնեսմենները, բերում ես մի երկու հատ ռեմոնտ ես անում, վերջում էլ ասում ես՝ ժողովուրդ ջան, տեսեք էս ռեմոնտն արեցի պետական պարտքով, բյուջեի փողով: Ե՞րբ է երևում, որ դու զբաղվում ես քո երկրի հարցերով: Երբ Հայաստանի ամենամեծ հիմնարկներից մեկն ուղղակի կանգնեց՝ անկազմակերպության պատճառով: Այսքան տարի հետո, Հայաստանի ամենաբարդ շրջանն անցնելուց հետո, մենք Իրանից ենք ցեմենտ բերում», — նշել է Նարեկ Կարապետյանը:
Խոսելով երկրում աղքատության մակարդակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ վերջին 8 տարիների ընթացքում աղքատության մակարդակը չի նվազել, այլ նույնիսկ բարձրացել է։
«Պետության ղեկավարը պետք է գործով զբաղվի, արդյունաբերությամբ զբաղվի: Հրազդանում, ՋԷԿ-ի կողքը, ես ձեզ խոսք եմ տալիս, որ հինգ տարի հետո՝ Սամվել Կարապետյանի հաղթանակից հետո, այնտեղ միայն շինարարություններ եք տեսնելու։ Մենք մեկ ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջին տարիների ամենամեծ ներդրումը՝ Հրազդանի մետալուրգիական գործարանը, որտեղ, չնայած կառավարության ամեն օր մեր դեմ սարքած բոլոր խնդիրներին, աշխատողների զգալի մասի աշխատավարձը պահպանվել է», — նշել է Նարեկ Կարապետյանը:
Խոսելով Հայաստանի պետական կառավարման ապագա համակարգի մասին՝ Նարեկ Կարապետյանը բացառել է հովանավորչությունը:
Նա նաև նշել է․ «Եթե մարդը Հրազդանում լավ է աշխատում, իր գործը լավ է անում, բայց ուրիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ապա այդ մարդու հետ մենք պետք է ճանապարհ գնանք: Կուսակցությունը կապ չունի, կապ ունի մարդու որակը», — եզրափակել է Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանի խոսքից հետո, հազարավոր հրազդանցիների ներկայությամբ, տեղի է ունեցել կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացել են գրասենյակում ստեղծված աշխատանքային պայմաններին։
Բացման արարողությունից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները քայլերթով անցել են Հրազդանի փողոցներով և շփվել քաղաքի բնակիչների հետ։