Հայկական ԱԷԿ-ի ապագան հարցականի տակ է քաղաքական կուրսի պատճառով․ Վահե Դավթյան
29 Ապրիլի 2026, 23:15
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը «Լազարյան ակումբի» յոթերորդ նիստի ընթացքում Alpha News-ին մեկնաբանել է հայկական էներգահամակարգի և նոր ատոմակայանի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում գործող ատոմակայանի արդիականացումը կարող է կանգ առնել Երևանի քաղաքական կուրսի պատճառով։
«Եթե նախկինում հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվող արդիականացման աշխատանքները, որոնք ուղղված էին դրա շահագործման ժամկետի երկարաձգմանը մինչև 2036 թվականը, ընթանում էին անխափան ռեժիմով, ապա այսօր հենց արդիականացման գործընթացը փաստացի հայտնվել է լուրջ հարցականի տակ։
Իրականում հենց այդ մասին էլ խոսում էր պարոն Օվերչուկը (ՌԴ փոխվարչապետը)՝ նշելով, որ արդիականացման աշխատանքների երկրորդ փուլը, որը սպասվում է 2031 թվականից հետո, կարող է վերանայվել, եթե Երևանը շարունակի այն արտաքին քաղաքական գիծը, որին հավատարիմ է ներկայումս»,- ասել է Դավթյանը։