Նկարչություն և կինո․ Վալենտին Պոդպոմոգովի երկու աշխարհները

29 Ապրիլի 2026, 22:00

Հայեր

Ռեժիսոր, նկարիչ Վալենտին Գեորգիի Պոդպոմոգովը հայկական կինոյի վարպետներից է, որի գործունեությունը նշանակալի դեր է ունեցել 1960-ականներին ազգային անիմացիայի վերածննդի գործընթացում։ Նրա ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է տասնյակ ֆիլմեր, իսկ գեղանկարչական աշխատանքները ներկայացված են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում։

Վալենտին Պոդպոմոգովը ծնվել է 1924 թվականի ապրիլի 29-ին Երևանում՝ ուկրաինացու և հայուհու ընտանիքում։ Արվեստի հանդեպ սերը ձևավորել է նրա ուղին դեռ պատանեկությունից․ 1940 թվականից սկսել է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խաղարկային ֆիլմերի բեմադրող նկարիչ։

Պատերազմից հետո Պոդպոմոգովը ակտիվորեն մասնակցել է խաղարկային ֆիլմերի ստեղծմանը, որոնց թվում էին «Լեռնային լճի գաղտնիքը» (1954 թ.), «Սիրտն է երգում» (1956 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ.), «Մորգանի խնամին» (1970թ.)։ Նրա գեղարվեստական լուծումները նպաստում էին հայկական կինոյի տեսողական ոճի ձևավորմանը՝ համադրելով ազգային ավանդույթներն ու ժամանակակից միտումները։

Նկարչի կենսագրության առանձնահատուկ փուլը սկսվել է 1967 թվականին, երբ «Հայֆիլմ»-ում ձևավորել է մուլտարտադրության բաժինը և զբաղվել անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ։ Պոդպոմոգովը դարձել է այն արվեստագետներից մեկը, որը մեծ դեր է խաղացել հայկական մուլտիպլիկացիային վերածննդի գործում՝ ստեղծելով նշանավոր գործեր, ինչպիսիք են «Մի կաթիլ մեղր»-ը (1968 թ.), «Ջութակը ջունգլիներում» (1969 թ.), «Շերտավոր վագրեր»-ը (1969 թ.), «Փարվանա»-ն (1970 թ.), «Պույ-պույ մկնիկը» (1971 թ.)։

1966 թվականին Պոդպոմոգովին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում, իսկ ավելի ուշ դարձել է Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր։ 1970-ականներից նա եղել է Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչ՝ ստեղծելով հուշարձանների և տապանաքարերի էսքիզներ, որոնցից շատերը դարձել են քաղաքի մշակութային դիմագծի մաս։

Հետաքրքիր է, որ գեղանկարչությամբ Պոդպոմոգովը սկսել է զբաղվել միայն հիսուն տարեկանում, սակայն նրա կտավները՝ «Մադոննա», «Արցախի անմահությունը», «Նոստալգիա», «Սպասում», արագ տեղ են գտել թանգարանների և մասնավոր հավաքածուներում։ Նրա աշխատանքներին առանձին սրահ է հատկացված Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։

Վալենտին Պոդպոմոգովը վառ խարիզմայով մարդ էր, որի շուրջ մշտապես հավաքվում էին ընկերներն ու գործընկերները։ Ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանը նրան անվանել է «Հայաստանի աղը»։

Նա ապրել է ստեղծագործությամբ ու հումորով լի կյանք՝ թողնելով հարուստ ժառանգություն կինոյում և գեղանկարչության մեջ։ Պոդպոմոգովը մահացել է 1998 թվականի հուլիսի 18-ին Երևանում։ Նրա անունը հավերժ կապվել է հայկական կինոյի և արվեստի հետ, իսկ ստեղծագործություններն շարունակում են ոգեշնչել նոր սերունդներին։