Հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ունի նախընտրական բնույթ․ Անդրեյ Արեշև

Քաղաքագետ, Անդրեյ Արեշևը «Alpha News»-ի ուղիղ եթերում մեկնաբանել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Հայաստան և հայ-ռուսական հարաբերությունները։

«Իհարկե, այցն ունի ձևական հիմք։ Ինչպես հայտնի է, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը հանդիսանում են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի համանախագահներ։ Սա նմանատիպ առաջին հանդիպումը չէ․ նախորդը կայացել է Ադրբեջանի Գաբալա քաղաքում։ Ամենայն հավանականությամբ, սա պատասխան այց է, սակայն ընդլայնված ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հայաստանի կողմից ներկա են եղել ազդեցիկ գործարարներ, արտահանողներ և ներմուծողներ։

Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայ-ադրբեջանական ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներն ունեն հստակ նախընտրական բաղադրիչ և այն կպահպանվի նաև հետագայում՝ ընդհուպ մինչև առանձին հումանիտար քայլեր, որոնց մասին արդեն տեղեկություններ են հայտնվում։ Բաքվում կարծում են, որ նման քայլերը կարող են օգուտ բերել Նիկոլ Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որոնց ադրբեջանական իշխանությունները դիտարկում են որպես առավել հարմար գործընկեր ներկայիս բանակցային գործընթացում»,- ասել է Արեշևը։

Մեկնաբանելով Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները՝ քաղաքագետը նշել է, որ 2018-2019 թվականներին նրանք վարում էին բավականին սադրիչ քաղաքականություն՝ խաթարելով բանակցային գործընթացը, որի շրջանակում Ռուսաստանը փորձում էր գտնել փոխզիջում։

«Մենք լավ գիտենք, որ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում հնչում են մեղադրանքներ Մոսկվայի հասցեին՝ իբր այն տասնամյակներ շարունակ մանիպուլացրել է հակամարտությունը, շահարկել միջնորդի իր դերը և թույլ չի տվել կողմերին հասնել համաձայնության՝ օգտագործելով Ղարաբաղը որպես ազդեցության լծակ։ Նման տրամադրություններ իրականում կան։ Այժմ կողմերը փաստացի հասել են խաղաղության այն բանի շնորհիվ, որ Ղարաբաղում այլևս հայեր չկան։ Հայաստանի իշխանությունները դա ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում։ Սակայն մենք հիշում ենք, որ 2018-2019 թթ-ին նրանք վարում էին բավականին սադրիչ քաղաքականություն՝ խաթարելով բանակցային գործընթացը, որտեղ Ռուսաստանը փորձում էր գտնել փոխզիջում։ Հետևաբար, խնդիրը բարդ է։ Հուզական գնահատականներ տալ և նախապես մեղադրել որևէ մեկին՝ լինի դա Ռուսաստանը, թե մյուս կողմը, այնքան էլ ճիշտ չէ»,- եզրափակել է Արեշևը։