ԵՄ-ն Կովկասում ակտիվանում է․ ի՞նչ կտա երևանյան գագաթնաժողովը. Բադալյան

Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկու այցն, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, մեծ ինտրիգ չի ներկայացնում և դժվար թե լուրջ հետևանքներ ունենա, եթե Հայաստանի հետ կոնկրետ բովանդակություն չլինի։

Alpha News-ի հետ զրույցում Բադալյանը նշել է, որ այցն, ըստ էության, կրում է ֆորմալ բնույթ։

«Այդ այցը կապված է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ, և աշխատանքային կամ պաշտոնական հանդիպումների մասին տեղեկություն առայժմ չի հրապարակվել»,- ասել է նա։

Անդրադառնալով Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններին՝ Հակոբ Բադալյանը մեկնաբանել է նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի իր արտաքին քաղաքական ուղղությունը։ Նրա խոսքով՝ սա, ըստ էության, պատասխան է Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպմանը, թե Հայաստանը կմերձենա Եվրամիությանն այնքան, որքան պատրաստ կլինի ԵՄ-ն։

«Եվրամիությունն այդ պատասխանատվությունը վերադարձնում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ տեսնում է՝ Փաշինյանը պատասխանատվությունը տեղափոխում է ԵՄ դաշտ»,- նշել է նա։

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ իրականում ԵՄ-ի կողմից Հայաստանի անդամակցության մտադրություն չկա։

«Եվրամիությունը բացարձակապես մտադրություն չունի Հայաստանին անդամ դարձնել, և ընդհանրապես կովկասյան ուղղությամբ անդամակցության թեման չի դիտարկվել և չի դիտարկվում որպես լուրջ օրակարգ»,- ընդգծել է Բադալյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները ևս տեղյակ են այդ մասին։