Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակ

13 Մայիսի 2026, 11:50

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը:

«Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:

Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: