Թուրքիայից Հայաստան ապրանքների ուղիղ ներմուծումը կազդի գների նվազման վրա. Միրզոյան
14 Մայիսի 2026, 14:29
Թուրքիայից Հայաստան ապրանքների ուղիղ ներմուծումը ազդեցություն կունենա գների նվազման վրա։ Քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը բացատրել է, որ նախինում Թուրքիայից ապրանքներ արտահանելու և Հայաստան ներմուծելու ուղիղ հնարավորություն չկար։ Բեռը ցամաքային ճանապարհով որպես արտահանում տեղափոխվում էր Վրաստան, այնտեղ մաքսազերծվում էր և գրանցվում որպես արտահանում Վրաստանից Հայաստան։ Ըստ Միրզոյանի` սա լրացուցիչ ֆինանսական ծախս էր, ինչն արտացոլվում էր Հայաստանում դրա ինքնարժեքի վրա։
«Ցանկացած մարդ, որը նախկինում ինչ-որ ապրանք էր ներմուծում Թուրքիայից, այսուհետ կարող է դրանք ներմուծել մաքսային առումով ուղիղ Հայաստան, քանի որ սահմանը դեռ փակ է, բայց վստահ եմ` առաջիկայում այդ սահմանն էլ կբացվի, ու ուղիղ բառի ուղիղ իմաստով ապրանքը կներմուծվի Հայաստան»,– ասել է նա։