Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն․ Ալեքսանդր Կռիլով

Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը կոչ է արել արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ռուսաստան։

Փորձագետի կարծիքով՝ հակառուսական հայտարարությունների համար հարթակ տրամադրելը ՌԴ-ում ընկալվում է որպես համերաշխություն Ուկրաինայի նախագահի դիրքորոշման հետ, որը Երևանում հանդես էր եկել ռուսատյաց հայտարարություններով։

«Իրականում այստեղ նոր բան չկա, այդ մասին բազմիցս խոսվել է։ Գենադի Զյուգանովն արտահայտում է բավական տարածված տեսակետ ինչպես ռուս քաղաքական գործիչների, այնպես էլ հասարակության շրջանում, ըստ որի՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն և հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությունները ռազմատենչ և բավական ռուսատյաց էին, մինչդեռ Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից որևէ արձագանք չհնչեց»,- ասել է Կռիլովը։