Հայաստանը Եվրոպային ներկայացրած գիտնականը․ Քերովբե Պատկանյան

16 Մայիսի 2026, 21:30

Հայեր

Արևելագետ, աղբյուրագետ, բանասեր, լեզվաբան Քերովբե Պատկանյանը ծնվել է 1833 թվականի մայիսի 16-ին Նոր Նախիջևանում։ Նա սերում էր հոգևոր և մտավոր գործիչներով հայտնի ընտանիքից։ Ստավրոպոլի հայկական դպրոցն ավարտելուց հետո Պատկանյանը ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան։

Որոշ ժամանակ նա ուսանել է Դորպատի համալսարանում, որտեղ կատարելագործել է գերմաներենը և թարգմանել Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի և Ֆրիդրիխ Շիլլերի ստեղծագործությունները։ Սակայն արմատական հայացքների և պահպանողականների քննադատության պատճառով նա կորցրել է կրթաթոշակը և ստիպված է եղել թողնել համալսարանը։ 1853 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը, որն ավարտել է 1857 թվականին։

Ինստիտուտն ավարտելուց հետո Պատկանյանը Թիֆլիսում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Շուտով հայ գրականության հանդեպ հետաքրքրությունը նրան տարել է արտերկիր․ նա աշխատել է Վենետիկի, Փարիզի, Մյունխենի և Վիեննայի գրադարաններում՝ ուսումնասիրելով հին աղբյուրները։

1861 թվականին նշանակվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայկական բանասիրության ամբիոնի ասպիրանտ։ Նրա ջանքերով հայ բանասիրությունը ձևավորվել է որպես ինքնուրույն գիտական ուղղություն։ 1863 թվականին Պատկանյանը պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն՝ «Սասանյան արքայատան պատմության փորձ՝ ըստ հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների» թեմայով, իսկ 1864 թվականին ստացել է դոկտորի աստիճան՝ «Հետազոտություն հայոց լեզվի կազմության վերաբերյալ» աշխատանքի համար։

Նա թարգմանել և հրատարակել է միջնադարյան հայ պատմիչների՝ Սեբեոսի, Անանիա Շիրակացու, Թովմա Արծրունու, Մովսես Կաղանկատվացու և այլոց աշխատությունները։ Հատկապես կարևոր էին Անանիա Շիրակացու «Հայոց աշխարհագրություն» և Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմություն» աշխատությունների թարգմանությունները։

Քերովբե Պատկանյանը մահացել է 1889 թվականի ապրիլի 14-ին Սանկտ Պետերբուրգում, հուղարկավորվել է Սմոլենկայի հայկական գերեզմանոցում։ Նրա պատվին Սանկտ Պետերբուրգում փողոց է անվանակոչվել։