«Կիսաշրջազգեստով Մագելանը» և «հայ Կուստոն»․ Անիտա Կարագոշյան-Կոնտի

17 Մայիսի 2026, 22:00

Հայեր

Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թվականի մայիսի 17-ին՝ Ֆրանսիայի Էրմոն քաղաքում, արևմտահայ արմատներ ունեցող ապահովված ընտանիքում։ Նրա ծնողները՝ Լևոն և Ալիս Կարագոշյանները, շատ էին ճանապարհորդում, և հենց այդ ուղևորություններն էլ փոքրիկ Անիտայի մեջ արթնացրին սերն առ ծովն ու հետազոտողի հետաքրքրասիրությունը։ Իր առաջին լուսանկարները նա արել է 1917 թվականին՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ ավելի ուշ տարվել է աշխարհագրությամբ և օվկիանոսների պատմությամբ։

Ընտանիքի Փարիզ տեղափոխվելուց հետո Անիտան զբաղվել է արվեստով՝ գրել է բանաստեղծություններ, պատրաստել կազմարարական աշխատանքներ և էսքիզներ։ 1927 թվականին նա ամուսնացել է դիվանագետ Մարսել Կոնտիի հետ, որի հետ շարունակել է շրջագայել աշխարհով մեկ։ Այդ տարիներին էլ Անիտան վերջնականապես նվիրվել է օվկիանոսագիտությանը՝ աշխատելով ձկնորսական նավերի վրա և ուսումնասիրելով ծովերի բուսական ու կենդանական աշխարհը։ Միջպատերազմյան շրջանում նա մշակել է ձկնորսության գիտական մեթոդաբանություն՝ կիրառելով նավիգացիոն քարտեզներ։

1939 թվականին Անիտան մեկնել է Արկտիկա՝ «Վիկինգ» ձկնորսանավով, որտեղ եկել է այն եզրակացության, որ օվկիանոսը ենթարկվում է չափազանց մեծ շահագործման, իսկ գիշատիչ ձկնորսությունը վտանգում է ծովային աշխարհը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ, նա ուսումնասիրել է Ատլանտյան օվկիանոսը, կազմել քարտեզներ, նկարագրել ձկների նոր տեսակներ և ձկնորսներին ուսուցանել որսի ու ձկան պահպանման ժամանակակից եղանակներ։ 1943 թվականին Ալժիրի կառավարության պատվերով նա ուսումնասիրել է Արևմտյան Աֆրիկայի ծովային ռեսուրսները՝ այդ աշխատանքին նվիրելով շուրջ տասը տարի։

Անիտա Կոնտին «Կինը ծովում» և «Օվկիանոսների ալիքները» գրքերի, ինչպես նաև բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Նրան անվանում էին «կիսաշրջազգեստով Մագելան»՝ համարձակության և նորարար մտածողության համար։ Ժակ-Իվ Կուստոն նշել է, որ առանց Անիտայի հետազոտությունների անհնար կլիներ ստեղծել Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարանը։

Նա մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 25-ին՝ 98 տարեկան հասակում։ Նրա աճյունը սփռվել է Միջերկրական ծովում։ Անիտա Կարագոշյան-Կոնտին դարձավ առաջին կինը, որը մասնագիտորեն զբաղվեց օվկիանոսագիտությամբ՝ անձնական կիրքը վերածելով գիտական ժառանգության։ Նրա կյանքը պատմություն է կնոջ՝ հետազոտող լինելու իրավունքի պայքարի մասին և վառ օրինակ, թե ինչպես է հայկական Սփյուռքը իր ներդրումն ունեցել համաշխարհային գիտության զարգացման գործում։