Արևմտյան մամուլը Արցախում իրավիճակի մասին լռում է, բայց մասնակցում է Ադրբեջանի նախագահի կազմակերպած ֆորումին. Ռոբերտ Ունուսյան
11 Օգոստոսի 2023, 23:40
Արցախահայերը պայքարում են ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի համար՝ բարձր պահելով հայերի պատիվը։ Alpha News-ի ուղիղ եթերում Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն է նման կարծիք հայտնել՝ նշելով, որ բելգիահայերը իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ անում են Արցախի համար:
«Բելգիայի հայկական համայնքներում շատ են տարաձայնությունները, բայց Արցախի հարցում տարաձայնություն չկա։ Բոլորս զորակցում ենք Արցախի հայությանը՝ մենք ձեր կողքին ենք, բոլոր նորություններին հետևում ենք, մեր ունեցած հնարավորություններով աջակցում ենք։ Դուք այսօր պայքարում ու դիմանում եք ոչ միայն Արցախի համար, այլ ամբողջ Հայաստանի ու հայության համար, որ մեր պատիվը բարձր պահեք, նաև, որ մեր հայրենիքը գոյատևի»,-ասել է նա։
Ունուսյանը ցավով է արձանագրում, որ եվրոպական ու արևմտյան մամուլը մինչև այսօր էլ չի լուսաբանում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, մինչդեռ նրանք հավաքվում, գնում են Շուշի՝ մասնակցելով Ադրբեջանի նախագահի կազմակերպած մեդիա ֆորումին:
«Ակցիա էինք կազմակերպել Եվրոպական խորհրդի շենքի դիմաց, Շառլ Միշելին նամակ հղեցինք՝ պահանջելով, որ իր՝ վերջին շրջանում արված սխալ հայտարարությունները ուղղի, ճնշում գործադրի Ադրբեջանի նկատամամբ, պահանջի անհապաղ բացել Լաչինի ճանապարհը, որպեզի անհրաժեշտ ապրանքները կարողանան տեղափոխվել Արցախ։ Դա լավ արդյունք էր: Արցախի վերաբերյալ բազմաթիվ բանաձևեր են արդեն ընդունվել բելգիական խորհրդարաններում, շատ դրական՝ հայերի համար», — արձանագրել է մեր զրուցակիցը։
Ըստ նրա ` ցավոք լրատվամիջոցների անտարբերության խնդիրը միայն Բելգիայում չէ, ամբողջ Արևմուտքում է՝ եվրոպական ու արևմտյան լրատվամիջոցներն այդ հարցի մասին դեռ լռում են։ Վերջերս Շուշիում բազմաթիվ, այդ թվում՝ եվրոպական երկրներից շատ լրագրողներ, հրավիրված էին լավ ժամանակ անցկաացնելու ու Ադրբեջանի մասին դրական բաներ գրելու։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որ այս իրողությունը փոխվի»,- եզրափակել է Ռոբերտ Ունուսյանը։