Աբխազիայի տարածքով երկաթուղային հարցը բախվում է քաղաքական բարդությունների․ Օլեգ Բարցից

Աբխազիայի արտգործնախարար Օլեգ Բարցիցը «Ռուսաստանը և աշխարհը․ երկխոսություններ-2026» 10-րդ միջազգային համաժողովի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է, թե հնարավոր է արդյոք Աբխազիայի տարածքով վերականգնել ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև։

Նախարարի խոսքով՝ Աբխազիան բաց է երկխոսության համար բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դրան, այդ թվում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում։

«Աբխազիան առաջնորդվում է միանգամայն հասկանալի և արդար սկզբունքով․ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մեզ հետ երկխոսության, մեր կողմից նույնպես ստանում են բաց և կառուցողական վերաբերմունք, և մենք պատրաստ ենք քննարկել տարբեր նախագծեր։ Սակայն, իհարկե, անհրաժեշտ է ապահովել մի շարք պայմանների հասունացումը»,- ասել է Բարցիցը։

Նրա խոսքով՝ Վրաստանը հրաժարվում է ընդունել տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոն, ինչի պատճառով երկաթուղային հարցը բախվում է քաղաքական խոչընդոտների։

«Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, ապա այստեղ կան մի շարք բարդություններ։ Առաջին հերթին՝ դա Վրաստանի դիրքորոշումն է, մեր հարևանների, որոնք նախանձելի համառությամբ հրաժարվում են ընդունել տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոյի իրողությունները։

Մենք այս հարցը ակտիվորեն քննարկում ենք Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան բանակցությունների շրջանակում։ Հաջորդ փուլը կկայանա հունիսի վերջին, և ես կրկին կղեկավարեմ Աբխազիայի Հանրապետության պատվիրակությունը։ Մենք նորից բոլոր մասնակիցներին կհասցնենք այն փաստը, որ տարածաշրջանում ձևավորվել է նոր իրականություն։ Այդ իրականությունն արդեն գոյություն ունի 18 տարի, և անհրաժեշտ է հաշվի առնել դա»,- նշել է Բարցիցը։

Հիմա եթերում