ՌԴ-ն ծանուցում է ստացել, որ Փաշինյանը չի մասնակցելու ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը
21 Մայիսի 2026, 14:30
Ռուսաստանը Հայաստանից ստացել է ծանուցում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը․ Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Փաշինյանի՝ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը արդեն վերածվել է համակարգային երևույթի, սակայն դա չի ազդի միության աշխատանքի վրա։
«Խնդիրը այն չէ, որ Փաշինյանը չի գալու ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Սա արդեն վերածվում է համակարգի, որը, ինչպես հասկանում ենք, հենց Նիկոլ Փաշինյանն է ձևավորել։ Այդտեղ որևէ ողբերգություն չկա, հարցը վերաբերում է հենց Հայաստանին»,- ասել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան երբեք չի առաջնորդվել «կամ-կամ» սկզբունքով և մշտապես հայտարարել է, որ հնարավոր է համատեղել տարբեր ուղղությունները։ Սակայն դա շարունակվել է մինչև այն պահը, երբ ուղղություններից մեկից՝ Արևմուտքից, սկսվել են հարվածներ Ռուսաստանի տնտեսության, առևտրի և ֆինանսական համակարգի դեմ, ինչպես նաև կիրառվել են ոչ լեգիտիմ պատժամիջոցներ։
«Ամեն ինչ վերածվել է հիբրիդային պատերազմի՝ առևտրատնտեսական հարթությունում։ Իսկ անօրինական պատժամիջոցները ազդում են նաև ԵԱՏՄ անդամ երկրների վրա»,- նշել է Զախարովան։