Մեր ինքնության դեմ համակարգված հարձակում է իրականացվում. Ռոբերտ Քոչարյան
21 Մայիսի 2026, 19:30
Մեր երկրի վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այս մասին Թալինում բնակիչների հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Հինգ տարի առաջ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ իշխանությունը կարող է հարձակվել եկեղեցու վրա, որ մեր ինքնության դեմ այսպիսի հարձակում կարող է լինել, որ Արարատը կարող են կռվացնել Արագածի հետ: Դեռևս 2021 թվականից նշաններ կային, երբ փակեցին Մշակույթի նախարարությունը, որպեսզի մեր ինքնությունը հարվածի տակ դնեն»,- նշել է Քոչարյանը:
Նախագահի խոսքով՝ հինգ տարի առաջ իշխանությունները փակել են նաև Սփյուռքի նախարարությունը՝ Հայաստանը Սփյուռքից օտարելու համար:
«Փակել են Գյուղնախարարությունը, և բոլոր ցուցանիշներով անկում է ապրում գյուղատնտեսությունը: Միգուցե տեղ պիտի ազատել 300 000 ադրբեջանցիների համար և, թուլացնելով մեր ինքնությունը, հնարավորություն ստեղծել այդ մարդկանց՝ Հայաստան տեղափոխումը հանդուրժելու համար»,- ընդգծել է Քոչարյանը: