Ռուսաստան ժամանող միգրանտները պետք է օրինապահ լինեն․ Վոլոդին

22 Մայիսի 2026, 15:50

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստան ժամանող բոլոր միգրանտները պետք է հետևեն ՌԴ օրենքներին, իմանան ռուսերեն և հարգեն երկրի ավանդույթները։ Այս մասին «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Երբ խոսքը վերաբերում է միգրանտների վարքագծին, մենք ընդգծում ենք, որ նրանք պետք է լինեն օրինապահ քաղաքացիներ, որոնք այստեղ են եկել աշխատելու նպատակով։ Նրանք պետք է գիտակցեն, որ ցանկացած իրավախախտում կհանգեցնի պատժի և արտաքսման»,- ասել է Վոլոդինը։

Նա հիշեցրել է, որ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է միգրացիայի ոլորտին վերաբերող երկու օրինագիծ։ Դրանցից մեկը նախատեսում է ընդլայնել միգրանտների արտաքսման հիմքերը վարչական իրավախախտումների, այդ թվում՝ հասարակական վարքագծի կանոնների խախտման համար: Մյուսը վերաբերում է կացության թույլտվություն և քաղաքացիություն ստանալուն և ենթադրում է, որ դիմողներին կարող է մերժվել դրանց տրամադրումը՝ դատվածության առկայության դեպքում։

Վոլոդինի խոսքով՝ նման միջոցներն անհրաժեշտ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու հստակ կանոններ ձևավորելու համար։

«Այս բոլոր նորմերը չափազանց անհրաժեշտ են, որովհետև երբ մենք հյուրընկալորեն բացեցինք բոլոր դռները, մեզ մոտ եկան տարբեր մարդիկ, և շատերին ստիպված եղանք հետ ուղարկել, քանի որ նրանք եկել էին ոչ բարի մտադրություններով, չէին պահպանում օրենքները, և դա մեծ խնդիրներ էր ստեղծում»,- նշել է նա։