Ռուսաստանցի գործընկերները պետք է ջանքեր գործադրեն մեզ հասկանալու համար․ Արարատ Միրզոյան
23 Մայիսի 2026, 17:42
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը NEWS.am-ի հետ զրույցում պատասխանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կոշտ հայտարարություններին։
Անդրադառնալով Մեդվեդևի հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանը նշել է․ «Կոնկրետ Ձեր կողմից մատնանշված պաշտոնյան ժամանակ առ ժամանակ բոլորի նկատմամբ իրեն որոշակի այդպիսի խոսելաոճ է թույլ տալիս։
Բայց անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ նշեմ, որ խնդիրներ բոլոր հարաբերություններում էլ կան, դրանք պարբերաբար ծագում են։ Մենք, ընդհանրապես, տրամադրված չենք մթնոլորտն ավելի լարելու կամ սրելու։ Այդ խնդիրները եղել են 10 տարի առաջ, 15 տարի առաջ էլ։ Չգիտեմ, ենթադրենք՝ ծիրանի, գինու, օղու մուտքի հարցեր և այդպես շարունակ»։
Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Եվրամիությունը «Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ», Արարատ Միրզոյանը նշել է, որ ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բազմաթիվ գործընկերների հետ ունենք թե ռազմավարական, թե գործընկերային հարաբերություններ և դրանք հաստատում ենք տարբեր երկրների հետ։ Եվ տեսականորեն մեր որևէ ցանկացած երկու հարաբերություն ուղղված չէ երրորդ գործընկերոջ դեմ։ Նույն կերպ՝ մեր և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև մեր և Եվրոպական Միության ռազմավարական գործընկերության օրակարգը որևէ կերպ ուղղված չեն Ռուսաստանի դեմ։
Ընդ որում, մեր օրակարգերը հրապարակային են, փաստաթղթավորված և հրապարակված են, ու մենք մեր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Վերջին շրջանում առավել մեծ շեշտադրումն արվում է թվային օրակարգերի վրա՝ արհեստական բանականություն, կիբերհանցագործությունների դեմ պայքար, տնտեսական կապերի աշխուժացում, ինչպես նաև աջակցություն Հայաստանում ժողովրդավարության դիմակայունությանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Եթե սա ռուսաստանցի գործընկերներին դուր չի գալիս, դժվար եմ հասկանում՝ ինչո՞ւ։ Եվ եթե, այնուամենայնիվ, դուր չի գալիս, ապա, երևի, պետք է նաև նրանք ջանքեր գործադրեն մեզ հասկանալու համար»,- ընդգծել է ԱԳ նախարարը։