Պացիենտը բուժման կարիք ունի. Ռոբերտ Քոչարյան

24 Մայիսի 2026, 18:19

Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ 2-րդ նախագահ, վարչապետի թեկնութու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանրահավաք է իրականացնում Երևանի Էրեբունի վարչական շրջանում:
Դիմելով ժողովրդին՝ ՀՀ երկրորդ նախագահն ասել է.

«Եկեք մտավոր վարժանք կատարենք և պատկերացնենք, որ 2021 թվականի մայիսն է, ու Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավն է իրականացնում՝ աջ ու ձախ իր խոստումներով, սրտիկներով. նա ասում է, որ շատ է սիրում իր ժողովրդին և անելու է ամեն ինչ, որ Արցախը հանձնի, Եռաբլուրը եռապատկի: Եվ պատկերացնո՞ւմ եք, հետո նա հաղթում է և Խորհրդարանում ձևավորում մեծամասնություն»:

Քոչարյանի խոսքով՝ Փաշինյանի թիմակիցները քաղաքական խարդախներ են. ասել են մի բան, արել՝ հակառակը: Նրանք արել են ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ իրենց խոսքն ունի զրոյական արժեք:

Խոսելով Երևանում 8 տարվա ընթացքում կատարված բարեփոխումներից՝ նա հավելել է.

«8 տարվա ընթացքում ավելացնելով պարտքը 8 միլիարդ դոլարով՝ Երևանում ո՛չ մի խոշոր ծրագիր չեն իրականացրել: Որտե՞ղ են այդ գումարները: Ինչպես իրենց ուրախ ավտոբուսում են ամբողջ օրն ուտում, նույն կերպ էլ այդ գումարներն են կերել, և զարմանալին այն է, որ մարսում են, փորկապություն չունեն: Այդ փորկապությունը լինելու է հունիսի 7-ից հետո: Բուժելու ենք. պացիենտը բուժման կարիք ունի»: