Ռուսաստանը փորձում է կանխել հայկական երկաթուղու փոխանցումը այլ երկրի. տնտեսագետ
26 Մայիսի 2026, 20:00
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի պահպանումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսության, այլև երկրի անվտանգության տեսանկյունից։ Alpha News-ի հետ զրույցում Պարսյանը նշել է ՝ Հայաստանը կարող է որոնել և զարգացնել այլընտրանքային շուկաներ, սակայն դա չի նշանակում, որ պետք է վտանգվեն արդեն գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունները։
«Ոչ ոք չի խանգարում, որ դուք այլընտրանքային շուկաներ գտնեք և փորձեք ձեր ծաղիկը, ելակը կամ այլ ապրանքներ արտահանել այլ տեղեր։ Բայց եղածը ինչո՞ւ պետք է կորցնել»,- ընդգծել է Պարսյանը։
Տնտեսագետը նաև անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներին՝ նշելով, որ դրանք, իր կարծիքով, անմիջականորեն կապված չեն Հայաստանի՝ եվրոպական ուղղությամբ քայլերի կամ անդամակցության ցանկությունների հետ։
«Տնտեսական այս սահմանափակումները և որոշումները, ըստ իս, հիմնականում պայմանավորված են նրանով, որ հայկական կողմը ձեռնպահ մնա հայկական երկաթուղին այլ երկրի փոխանցելու քայլերից»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունները նոր չեն և ընդունվել են դեռևս անցած տարիներին, սակայն այժմ դրանց շուրջ ստեղծված իրավիճակը դարձել է ավելի զգայուն: