Ո՞նց է ստացվում, որ ասում եք՝ բանակն ուժեղացրել ենք, բայց Ադրբեջանում դեռևս ռազմագերիներ ունենք․ Աննա Գրիգորյան

27 Մայիսի 2026, 16:21

Քաղաքականություն

Ինչքան Նիկոլ Փաշինյանը սրտիկ է ցույց տալիս, այնքան մեծ զիջումներ է իրականացնում մեր ժողովրդի շահերի հաշվին, և շուտով կարող է նույնիսկ Ադրբեջանում ազգային հերոսի կոչման արժանանալ։ Այս մասին Գորիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ մինչև հիմա Փաշինյանն ինչ արել է, բացառապես արել է Ադրբեջանի շահերից ելնելով։

«Վաղը Հայաստանի Հանրապետությունում իբր տոնակատարություն են հայտարարել, ռազմական շքերթ են իրականացնելու։ Ուզում են ցույց տալ, թե «տեսեք, ի՞նչ բանակ ունենք»։ Հիմա Տեղ գյուղում նստած մարդն ի՞նչ է մտածելու։ Նայելու է հրապարակի շքերթին, տեսնելու է՝ Պապիկյանը կանգնած է խրոխտ, բայց հետո չի՞ տեսնելու, որ ադրբեջանական դրոշը մեր երկրի տարածքում է»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները շքերթով փորձում են ցույց տալ, որ բանակն ուժեղ և հզոր է, բայց իրականում մեր երկրի տարածքները շարունակում են մնալ օկուպացված, իսկ այդ մասին որևէ հայտարարություն չի արվում։

«Ո՞նց է ստացվում, որ ասում եք՝ բանակն ուժեղացրել ենք, զրոյից բանակ ենք կերտել, բայց մենք Ադրբեջանում դեռևս ունենք ռազմագերիներ, ո՞նց է ստացվում։ Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։ Պետությունն այդպես են պահում, այլ ոչ թե սրտիկներով կամ դոշին կպցրած քարտեզով»,- նշել է Աննա Գրիգորյանը։