Ուզո՞ւմ եք ինչպես Եվրոպայում, ուրեմն գներն էլ կլինեն եվրոպական․ Ալեքսեյ Օվերչուկ
27 Մայիսի 2026, 21:15
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ ինտեգրում՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության համատեղումը անհնար է, քանի որ վաղ թե ուշ երկու միավորումների նորմատիվային բազաները կհայտնվեն ուղիղ հակասության մեջ։
Նա հիշեցրել է, որ բոլոր տնտեսական արտոնությունները, այդ թվում՝ գազի արտոնյալ գները, Հայաստանին տրամադրվել են ԵԱՏՄ-ին միանալու փաթեթի շրջանակում։ Միությունից դուրս գալը ինքնաբերաբար կզրկի երկիրը այդ առավելություններից։
Օվերչուկի խոսքով՝ Երևանն այսօր ունի առանց խոչընդոտների հասանելիություն ԵԱՏՄ-ի՝ 180 միլիոնանոց շուկա, ինչպես նաև ազատ առևտրի համաձայնագիր Իրանի հետ, և Արևմուտքում համարժեք այլընտրանք գտնելը հնարավոր չէ։
Նրա խոսքով՝ ԵՄ չափանիշներին անցումը կհանգեցնի կյանքի մակարդակի անկման, արտադրության կրճատման և էներգակիրների սակագների կտրուկ աճի։
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ միությունից Հայաստանի դուրս գալով, սակայն բացահայտ զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին։
«Եթե չեք ուզում լինել Ռուսաստանի հետ միությունում, ապա ինչո՞ւ եք ակնկալում այն արտոնությունները, որոնք այդ միությունն է տալիս ձեզ։ Ամեն ինչ արդար է։ Եթե ուզում եք ապրել ինչպես Եվրոպայում, ապա գները նույնպես պետք է լինեն եվրոպական»,- հայտարարել է Օվերչուկը։