ՀՖՖ-ն հաղթել է «Լոկոմոտիվ»-ին Լոզանի Արբիտրաժային դատարանում
28 Մայիսի 2026, 12:30
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացրած հայցը։
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում էր 2 012 229 եվրո՝ որպես ենթադրյալ ուղղակի վնասների փոխհատուցում, ինչպես նաև 1 445 000 եվրո՝ որպես ենթադրյալ բաց թողնված շահույթ։
Բացի այդ, ակումբի սեփականատեր և ղեկավար Քանանյանները պահանջում էին 1 400 000 եվրո՝ որպես ենթադրյալ բարոյական վնասի փոխհատուցում։ Նշված գործերը կապված են պայմանավորված խաղերի վերաբերյալ գործի հետ։
2020 թվականի հուլիսի 3-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում 5 ակումբ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը», ինչպես նաև 58 անձ որակազրկվեցին պայմանավորված խաղերի պատճառով։
ՀՖՖ-ն, իր կանոնադրական և կարգապահական պարտավորություններից ելնելով, իրականացրել էր համապատասխան վարույթներ և կիրառել կարգապահական միջոցներ։
2022 թվականի հունիսի 28-ին ՀՖՖ 22-րդ հերթական ժողովի որոշմամբ դադարեցվել էր ակումբի անդամակցությունը ՀՖՖ-ին։ CAS-ը հաստատել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաչափ է գործել՝ դադարեցնելով «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի անդամակցությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆեդերացիայից, վերջին վճռով ամբողջությամբ մերժվել են նաև պահանջվող փոխհատուցման բոլոր պահանջները։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերահաստատում է իր հաստատակամ դիրքորոշումը՝ պայքարելու պայմանավորված խաղերի և սպորտում ցանկացած անբարեխիղճ երևույթի դեմ։ Ֆեդերացիան շարունակելու է անել առավելագույնը՝ նման դեպքերը բացառելու, իսկ մեղավորներին իր իրավասության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու համար»,-նշում են ֆեդերացիայից։