Հայաստանը Ռուսաստանից կտրելը Արևմուտքի գլխավոր նպատակն է․ Նիկոլայ Ազարով

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը (2010–2014 թթ.)՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական ընթերցումների շրջանակում, Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներն ու դրա հնարավոր հետևանքները։

«Ինձ համար ամեն ինչ միանգամայն պարզ է․ Հայաստանի համար իրական եվրաինտեգրման որևէ հեռանկար չկա և լինել չի կարող, քանի որ Եվրամիությունը բարեգործական կազմակերպություն չէ։ Դա բարձր մրցակցային միջավայր է, միասնական տնտեսական տարածք և ընդհանուր շուկա, որտեղ գործում են միայն մրցունակ ընկերություններն ու ձեռնարկությունները»,- ասել է Ազարովը։

Ուկրաինայի նախկին վարչապետի կարծիքով՝ հասարակ մարդիկ հավատում են եվրոպացի պաշտոնյաների դատարկ խոստումներին։

«Հասարակ մարդիկ չեն հասկանում այն, ինչի մասին ես հիմա խոսում եմ։ Նրանք հավատում են դատարկ խոստումներին, որոնց եվրոպացի պաշտոնյաները հաճախ են դիմում։ Սակայն եթե նրանց տրվի հստակ հարց՝ «Սեղանին դրեք Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության հստակ ծրագիր։ Կոնկրետ՝ 2026, 2027, 2028 թվականներ։ Այո՞, թե՞ ոչ», ապա ոչ պաշտոնական բանակցություններում ձեզ անկեղծորեն կասեն՝ 20-25 տարի»,- ընդգծել է Ազարովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը Ռուսաստանից կտրելը Արևմուտքի գլխավոր նպատակն է։