Թուրքիայի փոխարեն Իրանը կհարվածի՞ Հայաստանին
26 Նոյեմբերի 2026, 12:00
(Ի՞նչ է թաքնված« Firebird»-ը Թուրքիային հասանելի դարձնելու առաջարկի հետևում)
«Վերջերս կայացած DigiTec տեխնոլոգիական համաժողովում հնչեցված՝ հայկական «Firebird AI»-գործարանի հզորությունների օգտագործման մեջ Թուրքիային և Ադրբեջանին ներգրավելու առաջարկները իշխանության կողմից մատուցվում են որպես պրագմատիկ քայլ՝ հանուն տնտեսական զարգացման և ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման։
«NVIDIA»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն առաջարկել է հաստատել յուրօրինակ էներգետիկ բարտեր՝ Անկարայի և Բաքվի հարևաններին տրամադրել տվյալների կենտրոնի հզորությունների հասանելիություն՝ էլեկտրաէներգիայի մատակարարումների դիմաց, իսկ «ServiceTitan»-ի համահիմնադիր Վահե Կուզոյանն այդ ենթակառուցվածքի համատեղ շահագործումն անվանել է տարածաշրջանային կայունության հնարավոր գրավական։ Սակայն «թվային Մետաքսի ճանապարհի» և տեխնոլոգիական համագործակցության մասին գեղեցիկ ձևակերպումների հետևում թաքնված է լուրջ աշխարհաքաղաքական հաշվարկ, որը հարվածի տակ է դնում հենց Հայաստանի անվտանգությունը՝ նրա տարածքը վերածելով ուրիշի ռիսկերի համար նախատեսված բուֆերի։
«Firebird» նախագիծն ինքնին ռազմավարական մակարդակի ենթակառուցվածք է, որը համադրելի է համաշխարհային խոշորագույն տեխնոլոգիական հանգույցների հետ։ Ընկերությունը Հայաստանում ծավալում է առաջատար AI-գործարան, որն առաջին փուլում հենվում է NVIDIA B200 նորագույն 6 144 գրաֆիկական պրոցեսորների վրա՝ 15 ՄՎտ հզորությամբ, իսկ ԱՄՆ կառավարության աջակցությամբ հետագա ընդլայնման շրջանակներում նախագիծը պետք է աճի մինչև 4 միլիարդ դոլար և Blackwell ու VR200 սերնդի տասնյակ հազարավոր չիպեր՝ 125-300 ՄՎտ էներգասպառմամբ։ Նման տեխնոլոգիաների համար ԱՄՆ արտահանման լիցենզիաներ ստանալը բացառիկ հազվադեպություն է, քանի որ առաջադեմ կիսահաղորդիչներն ուղղակիորեն մտնում են ամերիկյան ազգային անվտանգության տիրույթ։ Հատկանշական է, որ հայկական հարթակի հաշվողական ռեսուրսների 90%-ն ի սկզբանե նախատեսված է տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների սպասարկման համար։
Մերձավորարևելյան «տուրբուլենտության» և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ուղղակի բախման մշտական սպառնալիքի պայմաններում Հարավային Կովկասում կենսական նշանակության ամերիկյան տեխնոլոգիական ենթակառուցվածքի տեղակայումը բոլորովին այլ չափում է ձեռք բերում։ Թեհրանը բազմիցս ցուցադրել է հարակից երկրներում ամերիկյան օբյեկտներին, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու պատրաստակամություն։ Եթե տարածաշրջանում նոր էսկալացիա բռնկվի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերը սպասարկող խոշոր տվյալների կենտրոնի առկայությունն անխուսափելիորեն կդառնա օրինական թիրախ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար։
Այս համատեքստում Անկարային հայկական սերվերներին միացնելու գաղափարը դիտվում է որպես Թուրքիայի համար սեփական տարածքից դուրս անվտանգ «թվային նավահանգիստ» ստեղծելու փորձ։ Հաշվողական կարևոր հզորությունները Հայաստան տեղափոխելով՝ Թուրքիան հասանելիություն է ստանում առաջադեմ արհեստական բանականությանը, , սակայն միևնույն ժամանակ այդ ենթակառուցվածքը դուրս է բերում Իրանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքին հնարավոր պատասխան հարվածի վտանգի գոտուց՝ ողջ ֆիզիկական և ռազմական ռիսկը թողնելով Երևանի վրա։
Նրանց համար, ովքեր տարածաշրջանում ուժային ճնշման կամ ուղղակի հարվածների նման սցենարը քիչ հավանական են համարում, բավական է հիշել հենց հայկական իշխանության ներկայացուցչի վերջին բացահայտումները։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղղակիորեն հայտարարեց, որ 2025 թվականին տարածաշրջանում լարվածությունը հասել էր այնպիսի կրիտիկական մակարդակի, որ Երևանում ԱՄՆ դեսպանատունը լրջորեն դիտարկում էր տարհանման հարցը։ Ու թեև այն ժամանակ խոսքը վերաբերում էր «գալիք խաղաղության» մասին բարձրագոչ հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի հետ էսկալացիայի սպառնալիքին, ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատանքն արտակարգ կերպով դադարեցնելու պատրաստակամության փաստն ինքնին ապացուցում է, թե որքան փխրուն է մնում անվտանգությունն Անդրկովկասում և որքան բարձր են Վաշինգտոնում գնահատում հանկարծակի ռազմական գործողությունների հավանականությունը։
Ընդ որում, Հայաստանը տարածաշրջանային նախագծերում կրտսեր և խոցելի գործընկերոջ իրավունքով ներկառուցելու փորձերը օրգանապես տեղավորվում են այն գաղափարական գծի մեջ, որը տարիներ շարունակ առաջ է մղում Լիպարիտյանների ընտանիքը։ Մինչ Ռև Լեբարեդյանը համակարգում է «NVIDIA»-ի տեխնոլոգիական նախաձեռնություններն ու կրթական ծրագրերը, պատմաբան և Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը 2021 թվականի իր «Սպիտակ թուղթ» ծրագրային հետազոտության մեջ հիմնավորում էր նախկին ազգային նպատակներից հրաժարվելու, ուժեղ կողմի թելադրանքն ընդունելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հանուն խաղաղության միակողմանի զիջումների գնալու անհրաժեշտությունը։
Փորձագիտական շրջանակներում և կուլիսներում վաղուց ուշադրություն են դարձնում Լիպարիտյանի ոչ միանշանակ համբավին և թուրքական քաղաքական իսթեբլիշմենթի հետ նրա ենթադրյալ վաղեմի կապերին։ Երբ «նոր ռեալիզմի» մասին թեզերի ներքո Հայաստանին առաջարկում են կամավոր կերպով կիսվել ցանկացած ռեսուրսով այն պետությունների հետ, որոնք շարունակում են պահել հայ գերիներին և օկուպացրած պահել նրա ինքնիշխան տարածքները, դա, մեղմ ասած, դադարում է տեխնոլոգիական առաջընթաց թվալ։ Սեփական սուբյեկտայնության ամրապնդման փոխարեն երկիրը վտանգում է ստանալ հարմար, բայց ծայրահեղ խոցելի փորձադաշտի կարգավիճակ, որը տարածաշրջանային մեծ հակամարտության դեպքում իր վրա կընդունի ուրիշի հարվածը։
Եվ մենք դեռ չենք խոսում այն մասին, որ ՌԴ-ից ևս հնչում են հայտարարություններ, որոնք «Firebird» գործարանը հավասարեցնում են Ուկրաինայում գործող ամերիկյան տվյալների կենտրոններին՝ ՆԱՏՕ-ի շահերից ելնելով ուկրաինական տարածքի յուրացման տրամաբանության շրջանակներում…
Մտածե՛ք այդ մասին…»։