Ախալքալաքի Փոքր Սամսար գյուղում նշվել է Խաղողօրհնեքի տոնը

13 Օգոստոսի 2023, 21:00

Մշակույթ

Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում նշվել է Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը։

Սամսարի հավատավոր ժողովուրդը հավաքվել է գյուղի կենտրոնում գտնվող Սբ. Հարություն եկեղեցում, որտեղ Արագվա գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը անցկացրել է Խաղողի օրհնության արարողությունը։

Jnews-ի փոխանցմամբ՝ եկեղեցու խաչքավորը և գյուղացիները եկեղեցի էին տարել խաղողի առաջին բերքը։ Օրհնված բերքը բաժանվել է ներկաներին։ Ավանդույթի համաձայն, պարտադիր է տարվա մեջ առաջին անգամ համտեսել հենց օրհնված խաղողը։

Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով` օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։