Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավն առաջին անգամ համալիր կվերականգնվի
29 Մայիսի 2026, 18:15
Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հանրահայտ «Իններորդ ալիք» կտավը, որը պահվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, առաջին անգամ կուղարկվի համալիր վերականգնման։
176 տարվա ընթացքում «Իններորդ ալիքը» երբևէ ամբողջությամբ չի վերականգնվել․ կատարվել են միայն հատվածական ամրացման աշխատանքներ։ Այդ պատճառով շարունակել է վատթարանալ գունաշերտի և հիմքի վիճակը։
Կտավի վերականգնումը որոշվել է իրականացնել Այվազովսկու մեծ ցուցահանդեսից առաջ, որը կբացվի Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի Բենուա մասնաշենքում 2026 թվականի հոկտեմբերին։ Վերականգնողական աշխատանքները կտևեն չորս ամիս։
«Իններորդ ալիք»-ը նկարչի ամենահայտնի գործերից է, որը ստեղծվել է 1850 թվականին։ Նկարը կենտրոնական տեղ է զբաղեցնում Ռուսական թանգարանի մշտական ցուցադրությունում։ Այս մոնումենտալ կտավը փառաբանում է մարդկային ոգու ուժը՝ կործանարար տարերքի դեմ պայքարում։