ՀՀ-ում մնացած բերքի գինը սուբսիդավորելու հայտարարությունը Փաշինյանի քարոզչական խոստումների շղթայի մի մասն է. Ալեն Ղևոնդյան
03 Հունիսի 2026, 22:00
ԵԱՏՄ-ն առանձին շուկա է՝ իր մաքսատուրքերով, կարգերով և նորմատիվներով, և դրանից դուրս գալու դեպքում ՀՀ-ի բոլոր պայմանագրերը կչեղարկվեն: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«ԵԱՏՄ երկրների տեսանկյունից նայելով պատկերը հետևյալն է․ Եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան են եկել տարբեր երկրների ղեկավարներ, որոնց 99%-ը ՌԴ-ի հետ թշնամական հարաբերությունների մեջ են: Հայաստանը ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, մինչդեռ որևէ այլ պետության հետ նման ձևաչափի հարաբերություններ չունի։ ԵԱՏՄ պետություններից ամենաշատ օգուտ ստացողը ՀՀ-ն է եղել՝ ընդհանուր շուկաներ, արտաքին առևտուր և այլն:
Դրանք կոնկրետ միս ու արյուն ունեցող շահույթներ են, որոնք կապված են գյուղացու, բանվորի աշխատանքի հետ: Այդ ամենը կփակվի: Դա պատժամիջոց չէ , այլ հետևյալն է. ԵԱՏՄ-ն առանձին շուկա է՝ իր մաքսատուրքերով, կարգերով և նորմատիվներով: Եթե այդտեղից դուրս ես գալիս և գնում այլ շուկա, բոլոր մեր երկրի հետ կապված բոլոր պայմանագրերը կչեղարկվեն»,- նշել է քաղաքագետը:
Ղևոնդյանի խոսքով՝ հայ- ռուսաական հարաբերություններում ձևավորվել է խորացող ճեղք։
«Որքան ձգձգվի այս իրավիճակը, այնքան վնաս է հասցվելու մեր ժողովրդի բյուջեին կամ արտաքին պարտքն է ավելանալու: Բոլորը գիտեն, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ գործունեություն է ծավալել և տարբեր երկրների որոշ ծառայությունների հետ ինչ շփումներ է ունեցել։ Նա ի վիճակի չէ խնդիրներ լուծելու, և այն, որ ՌԴ-ի կողմից իրականացված սահմանափակումների հետևանքով ՀՀ-ում մնացած բերքի գինը կսուբսիդավորվի պետության հաշվին, դա քարոզչական խոստումների հերթական շղթայի դրսևորում է։ Նրա անարդյունավետ, անտրամաբանական, տխմարագույն քայլերի արդյունքում առաջանալու են լուրջ ֆինանսական խնդիրներ բոլորի համար»,- հավելել է Ղևոնդյանը: