Քոչարյանի «տուռնիկը» թուրքական հեռուստաեթերում
04 Հունիսի 2026, 23:38
Էրդողանի հետ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո թուրքական իշխանամերձ մեդիան նոր թափով սկսել է քննարկել Հայաստանում սպասվող ընտրությունները։
Ադրբեջանցի գործարարի ֆինանսավորմամբ հեռուստաալիքի եթերում մեծ էկրանին՝ Փաշինյանի նկարի ու գլխավոր թեզերի կողքին, դրել են Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի նկարներն ու թեզերը։ Ու հերթով ներկայացնում, քննարկում են։ Նախ Փաշինյան, որի մասին մեծ ռեպորտաժ են պատրաստել, որում գոհունակությամբ ցուցադրում են «Իրական Հայաստանի» փաշինյանական քարտեզն ու ընդգծում.
«Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բոլոր հարթակներում հայտնվել իրական Հայաստանի քարտեզով, որը նա դարձրել է իր քարոզարշավի խորհրդանիշը։ Եվ այդ քարտեզում ներառված չեն ո՛չ Ղարաբաղը, որը ադրբեջանական հող է, ո՛չ էլ Արարատ լեռը, որը Թուրքիայի հետ հարաբերություններում ճգնաժամի պատճառ է՝ այսպես կոչված ցեղասպանության մասին պնդումների հետ միասին: Փաշինյանը սկսել է արշավ է՝ Հայաստանի Սահմանադրությունից թուրքական տարածքների նկատմամբ պահանջները հանելու համար, ինչը նախապայման է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»։
Հաջորդը Ռոբերտ Քոչարյանին են ներկայացնում՝ ցուցադրելով, թե ինչպես է ընդունել պտտաձողից կախվելու և ձգվելու տավուշցի պատանու առաջարկն ու զարմացրել բոլորին:
Այսպես են մեկնաբանել․
«Փաշինյանն իրական Հայաստանի քարտեզով է քվեներ ուզում, Քոչարյանը՝ այսպես: Ցույց է տալիս, թե որքան ատլետիկ է»:
Թուրքական կողմին նաև դուր չեն գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին Քոչարյանի հայտարարությունները:
Հիմնավորապես այս նույն՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ոչ թե խզելու,այլ զարգացնելու ծրագրի պատճառով թուրքական էրդողանամերձ մեդիան դժկամությամբ է մեկնաբանում Սամվել Կարապետյանի մասնակցությունը ընտրարշավին։ Թեև նրան ներկայացնում են որպես Փաշինյանի հիմնական հակառակորդներից մեկը։ Ընդգծված բացասական տոնով թվում են Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները.
«Նրան մեղադրում են իշխանությունը տապալելու փորձի, հարկերից խուսափելու, խարդախության և փողերի լվացման մեջ։ Ահա թե ինչպիսի ֆիգուր է նա»։
Եվ Գագիկ Ծառուկյան, որի նախընտրական ծրագրի մասին ասում են հետևալը. «Փաշինյանի գծին մոտ է։ Ադրբեջանի հետ խաղաղությունն առաջնահերթություն է»։