Մենք ունենք առաքելություն մեր պետականությանը տեր կանգնելու և դա անելու ենք միասին․ Իշխան Սաղաթելյան
05 Հունիսի 2026, 14:20
Մենք ունենք առաքելություն եռագույնին տեր կանգնելու, մեր պետականությանը տեր կանգնելու և դա անելու ենք միասին։ Այս մասին ընտրողների հետ ամփոփիչ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Սիրելի հայրենակիցներ, մեր թիմն ընտրարշավի ողջ ընթացքում հանդիպումներ է ունեցել շուրջ 70 համայնքում։ Մենք խնդիր ենք ունեցել մեր ժողովրդին և հանրությանը փաստերով և օրինակներով բացատրելու, որ գործող իշխանությունը ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է։ Դրա համար պետք է հեռացնել նրանց և ոչ թե նոր հնարավորություն տալ երկիրը նոր փորձանքների տանելու համար»,- նշել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքն այն թիմն է, որն ի վիճակի է երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերելու։
«Այս ողջ ընթացքում մենք մեր հանրությանը ներկայացրել ենք քանդելու փոխարեն կառուցելու, զիջելու փոխարեն պաշտպանելու, ուրանալու փոխարեն հիշելու և պահանջելու այլընտրանքը։ Մենք մեր ժողովրդին կախարդական փայտիկ չենք խոստանում, բայց ասում ենք, որ գիտենք բոլոր խնդիրների լուծման բանալին և լուծելու ենք»,- ընդգծել է դաշինքի անդամը։