Նիկոլի կողմից ստեղծված պրոբլեմը ես ի վիճակի եմ լուծել մեկ օրում. Ռոբերտ Քոչարյան
05 Հունիսի 2026, 14:50
Համոզված ենք, որ մեր ընտրազանգվածը կիսում է մեր ծրագրերը։ Այս ողջ ընթացքում ունեցած հանդիպումները հնարավորություն են տվել դրանք նաև համալրել, և արդյունքում հասկացանք՝ պետք է շտկումներ մտցնել ծրագրերում։ Այս մասին ընտրողների հետ ամփոփիչ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ընտրությունները ոչ թե այն մասին են, թե հաջորդ 5 տարվա ընթացքում ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվելու, այլ արդյոք Հայաստանը մնալու է իր բովանդակությամբ հայկական պետություն։ Սա է այս ընտրությունների գլխավոր հարցը»,- նշել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այս ընտրությունները Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններն են, իսկ այս ամենի հեղինակը գործող իշխանությունն է։
«Իրենք թունավորել են այս ընտրարշավն իրենց կեղտոտ բառապաշարով։ Մենք սա չենք հանդուրժում, մենք պետք է փորձենք Հայաստանը մաքուր պահել նման կեղտից։ Ոչ մի ընտրություն չի զուգորդվել այսքան ձերբակալություններով, կալանքներով ու ճնշումներով։ Այս իշխանությունները եկել էին ժողովրդավարության կարգախոսներով, բայց դարձել են բռնապետական ոճ ունեցող իշխանություն»,-ընդգծել է դաշինքի վարչապետի թեկնածուն։
Երկրորդ նախագահը վստահեցրել է՝ իրենց ընտրվելու դեպքում ժողովուրդն ի վիճակի է լինելու գումար աշխատել ԵԱՏՄ շուկայում, քանի որ Նիկոլ Փաշինյանի ստեղծած պրոբլեմը նա լուծելու է մեկ օրում։